Քաղաքական

12.03.2013 16:42


Նաիրա Զոհրաբյան. «Միասնական ցուցակը պետք է գլխավորի Օսկանյանը»

Նաիրա Զոհրաբյան. «Միասնական ցուցակը պետք է գլխավորի Օսկանյանը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` ԲՀԿ-ն պատրաստ է միասնական ցուցակով հանդես գալ Երեւանի ավագանու ընտրություններում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը, սակայն, ընդգծել է, որ այդ ցուցակում «առանցքային տեղը» պետք է պատկանի ԲՀԿ-ին, եւ այն պետք է գլխավորի Վարդան Օսկանյանը: 

«Հնարավոր համագործակցության, համախմբում պիտի տեղի ունենա «Բարգավաճ Հայաստան»-ի առանցքի շուրջը»,-ասել է Զոհրաբյանը` նշելով, որ դա «ամբիցիոզ մոտեցում չէ».

«Ես համարում եմ իրատես մոտեցում: Իհարկե, մենք հարգում ենք նաև մեր բոլոր գործընկերների տեսակետները, որոնք կարող են չհամընկնել մեր մոտեցման հետԲնականաբար, ցուցակը պիտի գլխավորեր «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը: Մնացած տարբերակները մենք պատրաստ էինք քննարկել: Քննարկել նաև հնարավոր համամասնությունները: Իսկ որ որոշակի առկա իրողություններ պիտի պահպանվեին նաեւ համամասնություններն ամրագրելիս, իհարկե դա այդպես է»,- հավելել է նա:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցություններին միասնական ցուցակով մասնակցել մայրաքաղաքի ավագանու` մայիսի 5-ին նշանակված ընտրություններին:

Առայժմ հայտնի է, որ այդ ընտրություններին մասնակցելու են իշխող ՀՀԿ-ն, որի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եւ Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր»-ը, որի ցուցակը գլխավորելու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Այս խորագրի վերջին նյութերը