«Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս Թբիլիսիում
Մարտի 3-6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս, որի նպատակն էր բարձրացնել իրավապահների որակավորումը և ընդգծել կանանց դերը ոստիկանական համակարգում:
Կոնֆերանսին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Բացման օրը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին և միջազգային փորձագետներ:
Կոնֆերանսում զեկույցներով հանդես եկան պատվիրակությունների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի պատվիրակության ղեկավար` ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիամ Գևորգյանը: Ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին` նա խոսեց ՀՀ ոստիկանության կազմավորման, վերջին տարիներին համակարգում կատարված արմատական փոփոխությունների, ներկայումս ընթացող բարեփոխումների, այդ շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության կազմում նոր ստորաբաժանման ստեղծման, ինչպես և համակարգում կանանց դերի բարձրացման մասին:
Կոնֆերանսի օրակարգը բազմազան էր` դասախոսություններ, քննարկումներ, թիմային աշխատանքներ: ԱՄՆ-ից ժամանած միջազգային փորձագետներն օգտագործում էին համակարգչային տեխնիկան պարապմունքներն ավելի գործնական և բովանդակալից անցկացնելու համար:
Կոնֆերանսի ավարտին` մարտի 6-ին, տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում մասնակիցներին տրվեցին վկայականներ:
Կոնֆերանսը շատ արդյունավետ էր և նոր ծանոթությունների, հետաքրքիր քննարկումների, փորձի փոխանակման հնարավորություններ տվեց:
«Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս Թբիլիսիում