Լրահոս

12.03.2013 13:36


Այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

Այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
2013թ. փետրվարի 18-ին «www.iditord.orgե ինտերնետային կայքում հրապարակվել էր ահազանգ, ըստ որի` Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը:
Նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն էր տվել Կ.Նավասարդյանի հայրը, ով հայտնել էր, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել էր, որ Կ. Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ, եւ կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են Կ. Նավասարդյանի անվան դիմաց լրացված անձնագրային տվյալները: Ըստ նախաքննության տվյալների` դրանք համապատասխանել են Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալներին, ով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է եւ ցուցմունք տվել, որ որպես ընտրող` ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը: Նա պնդել է, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որեւէ մեկին չի տվել եւ դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց: Միաժամանակ պարզվել է, որ ընտրացուցակում կատարված ստորագրությունը չի պատկանում Մ. Նավասարդյանին:
Հանձնարարություններ էին տրվել ոստիկանության ստորաբաժանմանը՝ ապահովել քրեական գործով քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ իսկապես Նարեկ Մարտիրոսյանն է ստորագրել գրանցամատյանում եւ փորձել քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է դիտորդի միջամտության արդյունքում:
Պարզվել է նաեւ, որ Նարեկ Մարտիրոսյանի եւ Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալները նույնն են, առկա է ընդամենը մեկ թվի տարբերություն /2-9/:
Ն. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Այս խորագրի վերջին նյութերը