Լրահոս

12.03.2013 12:20


Ռուբեն Հակոբյան. «Սա ընդդեմի պայքար չէ»

Ռուբեն Հակոբյան. «Սա ընդդեմի պայքար չէ»

Այս պահին «Ազատություն» հրապարակում բացօթյա մամուլի ասուլիսով է հանդես գալիս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ  քրեական տարրերին հատուկ հրահանգ է եղել սադրանքներ կազմակերպել իրենց հետընտրական մարզային հանդիպումներում, որի դրսևորումներից մեկն էլ եղավ Սևանի հանրահավաքի ժամանակ։

–Սա պարզ շանտաժ է, որ ազդեն մեր միջոցառման վրա։ Ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմն են համոզված, որ ընտրությունները կեղծվել են, այլև ողջ ժողովուրդը։ Իշխանությունն ամեն կերպ դրդում է ըննդեմի պայքարի, դրան դրդում են քրեական աշխարհի միջոցով։ Բայց մենք ասել ենք, որ սա ընդդեմի պայքար չէ, սա մեր երեխաների պայքարն է, և համոզված ենք, որ սա այն պայքարն է, որում մենք կունենանք հաղթանակ,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում ՀՀ–ում, և շարունակում են ապատեղեկատվությամբ ու կեղծիքներով հասարակական կարծիք ձևավորել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ։

–Այս շարժումն անկասելի է։ Նրանք, ովքեր ուզում են քրեականներով փոխել իրավիճակը, իսկապես խղճում եմ ես նրանց։ Ավելին ասեմ՝ ՍԴ անդամներից ոմանք ստույգ համոզված են, որ ընտրությունները կեղծվել են։ Բայց եթե նրանք դա չեն բարձրաձայնում, նմանվում են այն մարդկանց, ովքեր ընտրությունները կեղծել են։ Կոչ եմ անում հավատալ իրենց խղճին և խղճի մտոք իրենց քայլն անել։ Ինչ կանեն՝ կերևա մի քանի օրից։

Ռուբեն Հակոբյանը վերահաստատել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է ցանկացած պահի Ազատության հրապարակում թե՛ փակ, թե՛ բաց հանդիպում ունենալ Սերժ Սարգսյանի հետ։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ–ի հետ միասնական հանդես գալու բանակցություններին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասել է, որ դրանք դեռ որևէ արդյունք չեն տվել, և մարտի 16–ին, ամենայն հավանականությամբ, վերջնական որևէ բան կկարողանան ասել այդ կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը