Լրահոս

12.03.2013 19:10


Գրիպ և սուր շնչառական վարակներ. արձանագրվում է աճ

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688): Այն պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ: 
 
Չնայած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններ բարձր դիմելիությանը, նշված հիվանդություններով նվազում են շտապօգնության կանչերը` ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում: 
 
Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով` ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում.
 
 
Մարզերում` 
սուր շնչառական վարակներով 214 հիվանդ, 
թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ, 
Երևանում` 
սուր շնչառական վարակներով 353 հիվանդ, 
թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ: 
 
 
Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով  և ուշ դիմելիությամբ: 
 
Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: 
 
Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետևողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը և այլն)` չնայած ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հորդորներին: 
 
Կարևորելով վերը նշվածը և հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաև ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.
• գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ
• չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման
• չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ 
• եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ` պահպանել 2մ հեռավորություն
• չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, կազմակերպել բժշկի այցը տուն
• պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
• խստորեն հետևել անձնական հիգիենային
• հագնվել եղանակին համահունչ
• հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Այս խորագրի վերջին նյութերը