Լրահոս

11.03.2013 15:36


Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դերմոտ Ահերնի նամակը Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին

Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դերմոտ Ահերնի նամակը Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին

Հարգելի Գարո, Հայ իրավաբանների միության ատենապետ,

Հավանաբար կհիշեք նախագահական ընտրություններից հետո Երեւանից Փարիզ ուղեւորվող ինքնաթիռում մեր միջեւ կայացած խոսակցությունը: Ես նշեցի, որ անհանգիստ եմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ ընտրության օրն այն ընտրատեղամասում եւ ԸԸՀ-ում, որտեղ ես դիտարկում էի իրականացնում:

Հակիրճ՝ ես եւ իմ գերմանացի գործընկեր Հեդդա Հաարսը (Hedda Haars) ընտրության օրը դիտարկում էինք վեց ընտրատեղամաս եւ, համաձայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական թիմի ցուցումների, մենք ավարտեցինք դիտարկումը Եղվարդի թիվ 3 տարրական դպրոցում տեղակայված 26/1 ՏԸՀ-ում: Այն, ինչ մենք տեսանք 19:00-ից մինչեւ մոտավորապես 20:00-ը, արվեց ճիշտ:

Նախագահողը եւ թիմն անցան ձայների հաշվարկին: Այս անգամ եւս ամեն ինչ արվեց համաձայն ցուցումների: Նախագահողը ցույց տվեց բոլորին, այդ թվում նաեւ մեզ, մեր թարգմանչին, մեր վարորդին, ինչպես նաեւ գործող նախագահի վստահված անձին ծրարից հանվող յուրաքանչյուր քվեաթերթիկ:

Անմիջապես պարզ դարձավ, որ Րաֆֆին կլանում է ձայները: Սա հարուցեց տեղացի ներկաների զարմանքը: Իրոք, որոշ չափով շփոթեցնող էր այն, որ գրեթե յուրաքանչյուր ձայն Րաֆֆիի օգտին էր: Եզակի դեպքերում, երբ ձայնը տրված էր գործող նախագահի օգտին, որոշ տեղացի ներկաներ թեթեւակի ծիծաղում էին: Եվ այսպես շարունակ՝ գրեթե բոլոր տրված ձայները Րաֆֆիի օգտին էին: Գործող նախագահի վստահված անձը հաշիվը պահում էր շատ մեթոդիկ կերպով, եւ ես շատ պարզորոշ տեսա նրա հաշվարկից, որ Րաֆֆին անհամեմատ առաջ էր: Մոտավորապես 21:15-ին ես տեքստ ուղարկեցի իմ ղեկավարին՝ ասելու, որ ձայների 30%-ը հաշվարկված է, եւ մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է:

Այդ պահին եւ մինչ մենք կլքեինք տեղամասը, անվավեր քվեաթերթիկները հայտարարվում էին: Օրինակ՝ մեկ քվեաթերթիկ համարվեց անվավեր այն պատճառով, որ ընտրողը նշում էր արել բոլոր թեկնածուների օգտին՝ բացառությամբ գործող նախագահի: Մեկ այլ քվեաթերթիկ համարվեց անվավեր, քանզի ընտրողը նշում էր արել, որ քվեարկում է նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուի օգտին: Որոշ քվեաթերթիկներ էլ համարվեցին անվավեր, քանզի այս կամ այն թեկնածուի օգտին նշումը ճիշտ չէր արված կամ քվեաթերթիկում բացակայում էր որեւէ նշում: Իմ հաշվարկով 20:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ մենք գնացինք ԸԸՀ, անվավեր քվեաթերթիկների թիվն անցում էր 10-ը:

ՏԸՀ-ն լքելու պահին մենք համակարծիք էինք, որ ձայների 35%-ը հաշվարկված է, եւ մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է: Մենք գնացինք Եղվարդի թիվ 26 ԸԸՀ եւ ներկայացանք ԸԸՀ թիմին: Այստեղ հաշվարկի տեղի պայմանները հեռու էին կատարյալ լինելուց: Այն բաղկացած էր երկու սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին միջանցքով, ինչը նշանակում է, որ ես մնացի այն սենյակում, որտեղ նախագահը եւ փոխնախագահն ընդունում էին արդյունքներով եկած ՏԸՀ թիմերին: Իմ գործընկեր Հեդդան մնաց այն սենյակում, որտեղ քարտուղարը մուտքագրում էր տարբեր արձանագրությունների տվյալները:

ԸԸՀ թիմն ինձ հետ քիչ համագործակցեց այն առումով, որ նրանք ինձ, ինչպես նաեւ իրենց արձանագրություններով եկող ՏԸՀ թիմերին որեւէ տեղեկություն չտրամադրեցին: Տարածության պակասը դժվարություն հարուցեց ինձ համար որեւէ բան տեսնելու առումով: Ես ստիպված էի տեղեկություն խնդրել ամեն անգամ, երբ ցանկանում էի: Իմ թարգմանիչն ու վարորդը մատնանշեցին, որ թիմն ինչ-որ չափով անհանգիստ է զգում իրեն մեր ներկայությունից:

Երբ եկան թիվ 26/1-ի արդյունքները, ես հատկապես հետաքրքրվեցի եւ խնդրեցի արդյունքը: Համագործակցության չհանդիպեցի, սակայն իմ թարգմանչին հաջողվեց տեսնել արձանագրությունը: Նա նշեց, որ գործող նախագահը հաղթել է Րաֆֆուն մոտավորապես 382/302 հարաբերակցությամբ: Ես ապշել էի այս ակնհայտ շրջադարձից, որը տեղի էր ունեցել մեր՝ տեղամասը լքելուց հետո: Ես ապարդյուն փորձեցի ստանալ լրացուցիչ տեղեկատվություն: Այնուամենայնիվ՝ իմ թարգմանիչն ասաց՝  նկատել է, որ արձանագրությունում անվավեր քվեաթերթիկների թիվը զրո է: Սա ինձ ամբողջովին հանկարծակիի բերեց, եւ ես խնդրեցի իմ թարգմանչին տեղյակ պահել նախագահողին իմ զարմանքի մասին: Այդ ժամանակից ի վեր մինչեւ մոտավորապես առավոտյան 3:30-ը, երբ մենք վերջացրինք տվյալների աղյուսակի կազմման դիտարկումը, ինձ հետ քիչ կամ ընդհանրապես չհամագործակցեցին: Ես վերջնականորեն խնդրեցի տեսնել գրավոր վերջնական արդյունքը, սակայն նախագահողը մերժեց: Ես հանդիպեցի իմ գործընկեր Հեդդային, ով գոհունակություն հայտնեց կողքի սենյակում տեղի ունեցածի, այն է՝ տվյալների մուտքագրման կապակցությամբ: Ես առաջարկեցի նրան նախագահողից խնդրել արձանագրության կրկնօրինակը: Նորից, սակայն, նա մերժեց՝ օդում թափահարելով ձեռքերը: Մենք հարցրեցինք արդյոք նրանք հրապարակելու են արդյունքները, եւ պատասխանը եղավ՝ առավոտյան: Մենք անմիջապես դուրս եկանք: Մենք լրացրեցինք ԵԱՀԿ ձեւաթուղթը՝ գիշերվա ընթացքում մշտական կապի մեջ լինելով նրանց հետ:

Ես 32 տարի  է՝ քաղաքականությամբ եմ զբաղվում այստեղ՝ Իռլանդիայում, մասնակցելով եւ հաղթելով յուրաքանչյուր ընտրություն, որոնցում ես անձամբ պայքարել եմ: Իմ կուսակցության կողմից ներկայացված լինելով՝ եղել եմ ընտրությունների խորհրդի տնօրեն ազգային եւ տեղական մակարդակում: Ես նման բանի երբեք ականատես չեմ եղել: Իմ փորձը ցույց է տալիս շեղում, երբ ես տեսնում եմ  մի բան, եւ տեղի է ունենում մի տարօրինակ բան, որը շրջում է ընտրության արդյունքն այն բանից հետո, երբ մենք լքեցինք թիվ 26 ՏԸՀ-ը: Ինչպես Ձեզ հավաստեցի, ես զգում եմ, որ այս հաշվարկը պետք է ամբողջովին վերաքննվի: Ես չեմ կարողացել հասկանալ այն ժամանակ եւ մինչ այժմ՝ ինչպես կարող են անվավեր քվեաթերթիկները դառնալ վավեր:

Լրացուցիչ տեղեկատվության կարիքի դեպքում խնդրում եմ չվարանել եւ կապ հաստատել ինձ հետ:

Դերմոտ Ահերն,

2013թ. Հայաստանում նախագահական ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի եւ Արդարադատության նախկին նախարար:

Այս խորագրի վերջին նյութերը