Լրահոս

11.03.2013 14:49


Եվրոպան կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի և նախագահի աթոռի համատեղելիությունը...

Եվրոպան կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի և նախագահի աթոռի համատեղելիությունը...

 Եվրոպական դիտորդական առաքելությունների զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման բազմաթիվ դեպքեր։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության Վերջնական զեկույցում արձանագրված է մասնավորապես.
«Գործող կառավարությունը, այդ թվում նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն, եւ նախագահ Ռ. Քոչարյանը, զգալի առավելություն ունեին ընտրական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների նշանակումների թվի մեջ, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրական վարչարարության անկախության եւ անկողմնակալության վերաբերյալ»։
- «Պարոն Սարգսյանը լրացուցիչ հասարակայնություն եւ քարոզչական առավելություն ստացավ իր պաշտոնական դիրքի միջոցով»։
- «Որոշ տեղերում ակնառու են եղել ահաբեկման դեպքեր, գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելու փորձեր, եւ իշխանությունները համարժեք կերպով չեն արձագանքել ընտրությունների օրը եւ դրանից հետո հայտնված այս խնդիրներին։ Որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ցանկացել գրանցել պաշտոնական բողոքները»։
- «Հակասություններ են եղել քվեաթերթիկների վավերության որոշման մեջ, դժկամություն նշված քվեաթերթիկները ցույց տալու գործում, մի թեկնածուի քվեաթերթիկի վերագրում մի այլ թեկնածուի, արձանագրությունների ստորագրում մինչ հաշվարկի ավարտը, չլրացված արձանագրությունների ստորագրում, արձանագրությունների մեջ տվյալների փոփոխում, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով արձանագրությունների հանրային ցուցադրման ձախողման դեպքեր»։
- «Ընտրական նյութերի առաքումը չկնքված փաթեթներում, թեկնածուների վստահված անձանց կողմից հանձնաժողովի անդամի գործառույթի իրականացում, ամփոփման սխալների նկատմամբ ոչ հետեւողական մոտեցում, ինչպես նաեւ դիտորդներին արձանագրությունները ցույց չտալը։ ՏԸՀ արդյունքների վերահաշվարկի բազմաթիվ պահանջներ են եղել, որոնց մի մասը մերժվել է ԸԸՀ-ի կողմից առանց հիմնավոր պատճառի»։
- «ԿԸՀ-ի կողմից բողոքների վարումը թափանցիկ չի եղել։ Հիմնականում բողոքների քննարկումը ԿԸՀ-ը կազմակերպել է ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց վստահված անձինք, դիտորդները եւ լրատվամիջոցները հրավիրված չեն եղել եւ մերժել է դրանք առանց համապատասխան քննության»։

- «Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներիննախընտրական շրջանում եւ քվեարկության ժամերին, որոշ պարտավորությունների նկատմամբ ի հայտ եկան լուրջ մարտահրավերներ՝ հատկապես ընտրությունների օրվանից հետո։ Սա ժողովրդավարական ընտրությունների համար էական չափանիշների նկատմամբ ցուցաբերեց անբավարար հարգանք եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը»։

Դիտորդական առաքելության Վերջնական զեկույցն արձանագրում է, որ իրենց կողմից վերահսկված ընտրական տեղամասերի 16%-ում ընտրություններն անցել են «վատ» կամ «շատ վատ»։ Հասկանալի է, անշուշտ, որ արտասահմանյան դիտորդների վերահսկած ընտրատեղամասերում ընտրակեղծարարները շատ ավելի կաշկանդված են եղել։ Բայց եթե անգամ այս 16%-ը տարածենք ողջ հանրապետության վրա (պայմանականորեն համարելով, որ մնացած 84%-ում ընտրություններն իդեալական են անցել) իսկ «վատ» եւ «շատ վատ» գնահատականների տակ դնենք նվազագույն՝ 100-150 կեղծված ձայն, ապա սա միայն բավարար է Ս. Սարգսյանի ընտրված չլինելը թվաբանորեն փաստելու համար։ Մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի՝ խախտումներն «արժեզրկեցին ամբողջ ընտրական գործընթացը» գնահատականը կեղծված ձայների շատ ավելի մեծ քանակ է ենթադրում, եւ անհեթեթ կլիներ, եթե դրա տակ ձայների ընդամենը 2,5% կեղծիք ենթադրվեր։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից վերահաշվարկ պահանջող դիմումներից մեկը բավարարվեց 9-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկում։ Վերահաշվարկով պարզվեց, որ Ս. Սարգսյանի օգտին առանձնացված 709 քվեաթերթիկներից միայն 376-ն են նրա օգտին քվեարկված, 333-ը նրա տրցակի մեջ դրվել էր տարբեր թեկնածուների, մեծագույն մասը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները։ Վերահաշվարկի այս ճշգրտված տվյալներով պաշտոնական արձանագրությունը հրապարակվեց փետրվարյան հանրահավաքներից մեկում։ Վերահաշվարկի երկրորդ փորձը կատարվեց Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում, որտեղ, սակայն, վերահաշվարկը դեռ չսկսված, նրանց առջեւից սեղանի վրայից հափշտակվեց եւ առեւանգվեց փաստաթղթերի պարկը։ Այլեւս որեւէ տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վերահաշվարկի հնարավորություն չտրվեց։ Մյուս թեկնածուների վստահված անձանց դիմումների հիման վրա կատարված ստուգումները կրել են ձեւական բնույթ։

(շարունակելի)
Արեգ Գևորգյան
(օգտվում եմ 2011-ին ՀԱԿ-Կոալիցիա բանակցությունների ընթացքում ՀԱԿ պատվիրակության կողմից ներկայացված «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում փաստաթղթից»)

Այս խորագրի վերջին նյութերը