Լրահոս

27.06.2009 09:48


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

            Հունիսի 26-ին աշխատանքային այցով Փարիզ ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի նստավայրում հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Մեթյու Բրայզայի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիչիկի հետ:

            Վեց ժամից ավելի տևած բանակցությունների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետև նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

            Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ ս.թ. հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի  համաձայն նախարարները շարունակեցին բանակցությունները՝ քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով: 

            Նախարարներ Նալբանդյանն ու Մամադյարովը անդրադարձան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը:

            Բանակցությունների արդյունքում որոշվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հուլիսի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան:  

            Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայացած հանդիպումը օգտակար էր և անցավ կառուցողական մթնոլորտում:

            Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Հունաստան՝ մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:    

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը