Հարցազրույց

26.06.2009 18:59


Արմեն Մարտիրոսյան.

Արմեն Մարտիրոսյան.

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ

-Վերջին օրերին բավական շատ է քննարկվում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գործելաոճը ԵԽԽՎ-ում։ Տարբեր գնահատականներ են հնչում՝ սկսած ամենածայրահեղներից։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ Ձեր պատգամավորի առաջարկների տակ ստորագրել են թուրք և ադրբեջանցի պատգամավորները։

-Ես չեմ կարող առանձնացնել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի գործելաոճը նրա ամբողջ գործունեությունից։ Դրանք փոխադարձ կապված են, բնականաբար, գնահատականը միայն դրական է։ Կարծում եմ, որ այս բարձրացված աղմուկը ընդամենը փորձ էր՝ շեղելու հանրության ուշադրությունն այն փաստից, որ ԵԽԽՎ-ն կրկին Հայաստանի վերաբերյալ խիստ բանաձև է ընդունել։ Մենք նորից մնում ենք մոնիտորինգի տակ։ Գումարած դրան, մեր պատվիրակությունը, հատկապես իշխանական մասը, չկարողացավ Ա1+-ի հարցում փոփոխություններ իրականացնել։ Ուստի փորձ է արվում իրենց հասու ԶԼՄ-ներով հարձակվել Զարուհի Փոստանջյանի վրա։

- Զարուհի Փոստանջյանի նախաձեռնություններից մեկի՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, տակ ստորագրել են թուրք և ադրբեջանացի պատգամավորները։ Թեկուզ միայն ազգային արժանապատվության տեսանկյունից, որքանո՞վ էր ճիշտ նման քայլը։

-Թող իրենք որևէ քայլ նախաձեռնեն, որ ադրբեջանցի և թուրք պատգամավորները ստորագրեն հայանպաստ առաջարկի կամ արցախի հերոսներին վերաբերող հարցի տակ։ Այդ դեպքում, միգուցե, կարելի կլիներ Զարուհի Փոստանջյանի դեմ նման հարձակում իրականացնել։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են այդ հարձակումներն իրականացնում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ստորագրել են ԵԽԽՎ մոնիթորինգի այն փաստաթղթի տակ, որով Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավար, քանի դեռ նրա տարածքների 20%-ն օկուպացված է։ Խոսում է այնպիսի մարդ...

-Կարո՞ղ եք կոնկրետ անուններով խոսել։

-Իհարկե, կարող եմ։ Դավիթ Հարությունյանը Կիևում՝ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, քվեարկել է այն բանաձևի օգտին, որով Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավար, քանի դեռ նրա տարածքների 20%-ն օկուպացված է։ Այսինքն, նա ընդունում է, որ Ադրբեջանի 20%-ն օկուպացված է։ Գագիկ Մինասյանը Սևծովյան տնտեսական համաժողովում կողմ է քվեարկել այն դրույթին, որ ղարաբաղյան հարցը անջատողական է, Նաիրա Զոհրաբյանը դեմ է քվեարկել ԼՂ անկախության ճանաչման հարցը օրակարգում ներառելուն, իսկ հիմա ԵԽԽՎ-ում Ղարաբաղի անկախության մասին է խոսում։ Իշխանությունները Թուրքիայի նախագահին հրավիրում են Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, ապրիլի 22-ին թուրքերի հետ համատեղ հայտարարություն են տարածում, և այդքանից հետո այդ մարդիկ Զարուհի Փոստանջյանի դեմ ինչ-որ ակցիաներ են սկսում։ Ընդ որում, Զարուհի Փոստանջյանի նախաձեռնածը ոչ թե ինչ-որ հակահայկական բանաձև էր, այլ ընդամենը փոփոխության առաջարկ։ Դա բացառապես վերաբերում է 3 կետի, և ոչ թե՝ Հայաստանին ձայնից զրկելուն, ինչպես որ դա ներկայացվում է։ Նրա առաջարկները նպաստավոր են եղել Հայաստանի համար։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ ադրբեջանցիները հիմա հերքում են, թե ստորագրել են արցախյան հերոս Սասուն Միքայելյանին ազատելու առաջարկի տակ։

-Ամեն դեպքում, բացառապես մեր ներքին հարցերի քննարկմանը արդյոք պե՞տք է մասնակցեն մեր չկամեցողները, և արդյոք Զարուհի Փոստանջյանը ակամայից չի՞ հայտնվել թուրք-ադրբեջանական ծուղակում։

-Թուրք-ադրբեջանական ծուղակի խնդիր գոյություն չունի։ Այդ ադրբեջանցինե՛րը Զարուհի Փոստանջյանի ծուղակի մեջ ընկան։ Նրանք ստորագրել են մի անձնավորության ազատման համար, որը Ղարաբաղյան պատերազմի հերոս է ։

-Դուք իսկապե՞ս գտնում եք, որ ադրբեջանցի և թուրք պատգամավորները հայտվել են Զարուհի Փոստանջյանի ծուղակում։

-Որևէ մեկը չի կարող Զարուհի Փոստանջյանի այդ անկեղծ պայքարի քայլը փորձել նմանատիպ լկտի ձևով մեկնաբանել, ինչպես որ դա այս երկու օրին ներկայացվում է ԶԼՄ-ներով։ Սա ուղղակի ամոթ է։ Մի իշխանություն, որը մինչև հիմա Ղարաբաղի քարտեզը այնպես է տպագրում, որում ազատագրված տարածքները ներառված չեն, նրա որևէ ներկայացուցիչ իրավունք չունի խոսել հայրենասիրության մասին և մեղադրել Զարուհի Փոստանջյանին՝ անձնավորություն, որը նաև պայքարում է հենց այդ տարածքների համար։ Ի դեպ, նշեմ, որ այսօր Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել Սլովենիայի վարչապետին՝ նշելով, որ եթե Սլովենիան կարողացավ անկախանալ Հարավսլավիայից, ինչո՞ւ չի կարող նույնն անել Ղարաբաղը։ Սակայն այդ պահին մեր պատվիրակությունից կրկին ոչ մեկը չկար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ մեր պատվիրակության պատգամավորները երեկ երեկոյան տեղը տեղին կերուխում են արել, և երևի քեֆի տեղը շատ են աշխատել ու չեն կարողացել ներկայանալ ԵԽԽՎ աշխատանքներին։

-Անդրադառնանք ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին ուղղված՝ «Ժառանգության» կողմից առաջարկված և 5 կետից բաղկացած համագործակցության պլատֆորմին։ Դրանում ներառված չեն արտահերթ ընտրությունների անցկացման և նախագահի հրաժարականը պահանջող դրույթներ, ինչը ոմանք դիտարկում են որպես կեղծ ընդդիմության ապացույց։

-Քաղաքական դաշտում նման մեկնաբանություններ չեն եղել։ Չեմ ցանկանա մեկնաբանել որևէ թերթի գրածը։ Կեղծ ընդդիմություն ենք, թե ոչ՝  հարցի գնահատականը հասարակությունն արդեն տվել է։ Մի հոդվածով չէ, որ ինչ-որ մեկնաբանություններ պետք է անեմ։

-Այսինքն, նման դիտարկումը չի՞ կարելի վերագրել Հայ ազգային կոնգրեսում տիրող տրամադրություններին։

-Կրկնեմ, որ այս պահին դա ինձ համար քննարկելու առարկա չէ։ Դա կոնկրետ թերթի խմբագրի կամ լրագրողի խնդիրն է։ Թող նրանք իրենց խղճի առաջ պատասխան տան՝ «Ժառանգությունը» ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ։ Եվ, վերջապես, եթե որևէ մեկը կարողանա ինձ մի ծրագիր ներկայացնել, որի արդյունքում մեկ օր առաջ տեղի կունենա իշխանափոխություն, ես, բնականաբար, այդ ծրագրի իրականացման համար կպայքարեմ։ «Ժառանգությունը» մեկ անգամ չի բարձրաձայնել, որ անհրաժեշտ են արտահերթ համապետական ընտրություններ։

-Դուք դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք։

-Արտահերթ ընտրությունների նախադրյալն այն է, որ հասարակությունը կտրված է իշխանությունից։

-Նաև խոսվում է այն մասին, որ «Ժառանգությունը» չի պահանջում արտահերթ նախագահական ընտրություններ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ կարող է 10 տարվա քաղաքացիություն չունենալու պատճառաբանությամբ չգրանցվել որպես նախագահի թեկնածու։

-Արտահերթ ընտրությունները միայն նախագահականը չեն։ Կան նաև խորհրդարանական ընտրություններ։ Մենք մեկ անգամ արդեն տեսել ենք, որ երբ խորհրդարանն արտացոլում է հասարակության մեջ եղած ուժերի հարաբերակցությունը, ապա այդ ժամանակահատվածում նախագահի մենիշխանությունը թուլանում է։ Դա տեղի ունեցավ 1998թ., երբ տեսանք, թե «Միասնություն» դաշինքը ինչ հզոր միավոր էր, և նախագահը, ըստ էության, սահմանափակված էր իր հնարավորություններում։

-Նախագահական ընտրություններում չստացվեց «Ժառանգություն»-ՀՅԴ համագործակցությունը, քաղաքապետի ընտրություններում «Ժառանգություն»-ՀԱԿ դաշինքը ձախողվեց, քանի որ կողմերը չընդունեցին մեկը մյուսի առաջարկները։ ՀՅԴ-ՀԱԿ հարաբերությունները, մեղմ ասած, գործընկերային չեն։ Որքանո՞վ է իրատեսական, որ ձեր առաջարկած համագործակցության պլատֆորմի շուրջ այս երեք ուժերը կհամախմբվեն։

-Նախ՝ ՀԱԿ-ի մասով. մենք ողջունել ենք ՀԱԿ-ի 12 կետանոց պլատֆորմը՝ նշելով, որ այնտեղ շատ դրույթներ համահունչ են մեր գործունեությանը։ Այնպես որ, ես, գոնե դրույթների առումով, մեծ տարաձայնություններ չեմ տեսնում, որը խանգարի հետագա համագործակցությանը։ Մենք նշել ենք, որ «Ժառանգության» ներկայացրած 5 կետերում ամփոփված են նաև ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի՝ մի շարք հարցերում ունեցած դիրքորոշումները։

-Փաստորեն, նախագահի հրաժարականը, որն իր պլատֆորմում պահանջում է ՀԱԿ-ը, ձեզ համար առաջնայի՞ն չէ։

-Մեր առաջարկած կետերից մեկում նշված է քաղաքական փոփոխությունների դրույթը։ Եթե այսօր Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց Ազգային ժողովը մնաց նույն կազմով, դա ինչ-որ հարց լուծո՞ւմ է։ Եթե իշխանությունն ընդհանուր առմամբ չի փոխվում, միայն մեկ անձի փոփոխությունը ոչնչի չի բերի։ Մեր կողմից կա անկեղծ ցանկություն՝ ձևավորել եռակողմ համագործակցություն։ Այս առումով ուրախ կլինեմ տեսնել նաև ՀՅԴ պլատֆորմը, որովհետև քաղաքական դաշտը փրկելու անհրաժեշտություն կա։ Այսօր կրիմինալը տեր է դարձել ամեն ինչի, և իրավիճակը կարելի է շտկել առողջ ուժերի համագործակցությամբ։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը