Գրիպ և սուր շնչառական վարակներ. համաճարակային իրավիճակը Հայաստանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով այսօր եվրոպական տարածաշրջանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ԱՀԿ անդամ 53 երկրի կողմից ներկայացված մշտադիտարկման արդյունքները: Աճ է արձանագրվել նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված գրիպի և դրանից առաջացած բարդությունների: Ներկայումս եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրներում շրջանառում են ինչպես գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, գրիպի Բ տեսակը, այնպես էլ շնչառական վարակների այլ հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից դեռևս շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ մշտադիտարկումը, որի արդյունքները վկայում են այն մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 2,1 անգամ (2013թ. փետրվարի 18-24-ը` 5033, 2013թ. փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688)՝ պայմանավորված ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ:
Նշված հիվանդություններով շտապ օգնության կանչերի թիվը նույնպես աճել է, սակայն վերջին երկու օրվա ընթացքում այդ կանչերի թվի ավելացում չի դիտվել:
Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ ներկայումս ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում նվազել է ծանր կամ միջին ծանրությամբ հիվանդների թիվ:
Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում՝
Մարզերում`
սուր շնչառական վարակներով 200 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևով` 96 հիվանդ,
Երևանում`
սուր շնչառական վարակներով 305 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևով` 102 հիվանդ:
Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 13 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես հոսպիտալացված, այնպես էլ ամբուլատոր հիվանդների շրջանում կազմակերպված և իրականացված վիրուսաբանական հետազոտությունների արդյունքում գերակշռում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Արձանագրվում են նաև գրիպի Բ տեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
Դեռևս 2013 թվականի փետրվարի 28-ին հոսպիտալացված հիվանդը (58-ամյա տղամարդ), որը բժշկական օգնության էր դիմել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում և սուր շնչառական անբավարարությամբ, 2013 թվականի մարտի 6-ին մահացել է: Ցավոք, հիվանդը ոչ միայն բավական ուշ էր դիմել բժշկական օգնության, այլև հրաժարվել էր հիվանդանոցային բուժումից։ Չափազանց ծանր վիճակում հայտնվելուց հետո միայն շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։
Հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը, վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը և այս օրերին օդի ջերմաստիճանի նվազումը, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը, հատկապես` խոցելի խմբերին (սիրտ թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, հղիներ, երեխաներ)`
1. Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ
2. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն
3. Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ
4. Չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման
5. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն
Գրիպ և սուր շնչառական վարակներ. համաճարակային իրավիճակը Հայաստանում