Լրահոս

23.11.2010 14:12


Շփման գծում դիտարկման ժամանակ ադրբեջանցիները խախտել են պայմանավորվածությունը

ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում' Հադրութի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/ և Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/:

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը/Հունգարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի սահմանները, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը