Լրահոս

07.03.2013 17:47


ՄԻՊ. «Արդարադատության նախարարը կրկին հիասթափեցնում է իր ոլորտում»

ՄԻՊ. «Արդարադատության նախարարը կրկին հիասթափեցնում է իր ոլորտում»

Օմբուդսմենի տարեկան զեկույցից մենք այս շաբաթ ներկայացրեցինք դեռևս միայն 4 ոլորտներին առնչվող սեղմագրերը: Այդ և այլ ոլորտներին վերաբերող խնդիրներն ամբողջական տեսքով շուտով ուղարկելու ենք Ազգային Ժողով, որտեղ, ըստ օրենքի,  լիագումար նիստում պետք է ներկայացվի և քննարկվի զեկույցը:

Զեկույցի նույնիսկ սեղմագրի հրապարակայնացումը արդեն իսկ առաջացրել է որոշ պետական պաշտոնյաների ոչ ողջամիտ անհանգստությունը: Սա ցավալի է, բայց նաև մարդկայնորեն հասկանալի: Ցավոք, դեռ կան անփորձ ղեկավարներ, ում մոլորեցնում են սեփական երիտասարդ կադրերը, իսկ իրենք էլ իրենց հերթին ունենում են ոչ ամբողջական պատկեր սեփական ոլորտի մասին: Սա անհանգստացնող է մանավանդ, երբ ղեկավարը փորձում է ինքն իրեն, հանրությանը, իր ղեկավարին ներկայանալ որպես ոլորտի կատարյալ բարեփոխիչ: Բարեփոխումներ կան, բայց հեռու են կատարյալ լինելուց: Պետք չէ լինել Օմբուդսմեն, որպեսզի հասկանալ, թե ինչ խայտառակ վիճակում է դատական ոլորտը, որպեսզի ակնհայտ լինի, որ դեռ կա կոռուպցիա և ապօրինություն ԴԱՀԿ ծառայությունում, նոտարիատում և կալանավայրերում:

Ներկայացնում ենք նաև մի քանի փաստական հակադարձումներ Արդարադատության նախարարության մոլորեցնող և անհիմն արդարացումներին:

  1. Առնվազն տարօրինակ է ԴԱՀԿ-ի այն պնդումը, որ իրենց գործունեության վերաբերյալ մեր կողմից ներկայացված խնդիրները չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ 2012 թվականին միայն Արդարադատության նախարարության տվյալներով գրանցվել է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց վերապահված լիազորությունների ոչ պատշաճ կատարման 9 դեպք: Մինչդեռ ԴԱՀԿ-ն պնդում է առհասարակնման դեպքերի բացակայության մասին:

 

  1. Անդրադառնալով ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպչական հարցերին` Նախարարությունը պնդում է, որ վերջինիս գործունեության կազմակերպումը անմիջականորեն ներառված է համայնքի ղեկավարի պարտականությունների մեջ, իսկ ինքը` Նախարարությունը, իրականացնում է միայն մասնագիտական հսկողություն: Այնինչ, ՔԿԱԳ գործակալություններում անընդմեջ գոյացող հերթերի և կուտակումների, ինչպես նաև մի շարք դեպքերում ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նո­տա­րական վավերացմամբ լիազորագրեր պահանջելը ինքնին վկայում են այդ մարմինների աշխատակիցների մասնագիտական ցածր պատրաստվածության մասին: Միևնուն ժամանակ հատկանշական է, որ ՀՀ Արդարադատության նախարարության կանոնադրության 7-րդ կետի համաձայն` Նախարարության գործառույթները չեն սահմանափակվում միայն ՔԿԱԳ մարմինների գործունեության մասնագիտական հսկողությամբ այլ նաև ներառում են`

ե)   Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության ապահովումը.

ժ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության
oրինականության նկատմամբ վերահuկողության ապահովումը,

ը) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման քաղաքականության, մեթոդոլոգիայի, հրահանգների մշակում եւ հաuտատում:

  1. 2011թվականի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության թիվ 733 որոշմամբ չեն սահմանվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների հստակ և կոնկրետ սակագներ: Այսպես, օրինակ նշված որոշման Հավելվածի 1-ին մասին 2-րդ կետի համաձայն` այլ անշարժ գույքի դեպքում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար գանձվում է  վճար 10-15-ապատիկի չափով: Մեր արագ արձագանքման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյուքնում կրկին անգամ հաստատվել է այս խնդրի առկայությունը, նույնիսկ գրանցվել են դեպքեր, երբ ծառայությունների համար սահմանված գնացուցակը փակցված է եղել նոտարի առանձնասենյակում: Ավելին, նույն այդ գնացուցակների վրա փակցված սակագները կրկին անգամ նախատեսում են նոտարների համար հայեցողության հնարավորություն: Շրջայցերի արդյունքում գրանցվել են նաև կուտակումների դեպքեր: Ուստի, ցավով պետք է արձանագրենք, որ դեռևս նոտարների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափի որոշումը շարունակում է մնալ նոտարների հայեցողությանը:
  2. Արդարադատության նախարարը բազմիցս հրապարակային գնահատականներով անդրադարձել է դատական իշխանությանը: ՀՀ Արդարադատության նախարարության Կանոնադրության համաձայն վերջինիս խնդիրներից է  դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու oրենքով նախատեuված լիազորության իրականացման ապահովումը, ինչը ուղղակիորեն ամրագրված է ՀՀ Դատական օրենսգրքի 155-րդ հոդվածում, համաձայն որի արդարադատության նախարարը իրավունք ունի հարուցելու կարգապահական վարույթ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ: Հարկ ենք համարում նշել, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի « ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը,  ծրագրից բխող միջոցառումների ցանկը և ծրագրի աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին » կարգադրությամբ, որի նպատակն է դատական իշխանության առջև ծառացած խնդիրների լուծումը, հիմնական պատասխանատու է նախատեսվել հենց ՀՀ Արդարադատության  նախարարությունը: Միաժամանակ Նախարարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ` ոլորտում օրենսդրական նորամուծություններ կատարելու և վերհանված խնդիրները շտկելու նպատակով: Ուստի վերջինս պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն ոլորտում նոր մեխանիզմներ ներդնելու և չլուծված խնդիրներ վերհանելու նպատակով, ինչը վկայում է ՀՀ Արդարադատության նախարարության և մեր կողմից արձանագրված դատական իշխանության խնդիրների անմիջական կապի մասին:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը