Տնտեսական

07.03.2013 15:14


Կառավարությունը հավանություն է տվել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2013 թ. ծրագրին

Կառավարությունը հավանություն է տվել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2013 թ. ծրագրին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2013 թ. ծրագրին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ գործարար միջավայրի բարելավման միջին ցուցանիշով Հայաստանը 32-րդ տեղում է, բայց բազմաթիվ ցուցանիշներ կան, որ 100-րդ տեղից հետ է։ «Խոսքը վերաբերում է միջազգային առևտրի ռեժիմներին,- շեշտել է վարչապետը, - ինչպես նաև իրավական գործառույթներին, թե բիզնես բանավեճերը դատարաններում ինչպես են ընթանում. այդտեղ մենք պետք է լուրջ առաջընթաց ապահովենք, որ դատական գործընթացներում բիզնեսի վրա ընկնող բեռը էապես նվազեցնենք, կարճ տևեն նաև միջազգային ռեժիմները»։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հավաստիացրել է, որ այս տարի շեշտը դրվելու է հենց այդ ուղղությունների վրա, քանի որ նպատակը ոչ թե ցուցանիշներն են, այլ իրավիճակի բարելավումը։ 

ՀՀ կառավարությունը հաստատել է գործարար ծրագրով ստեղծված նոր աշխատատեղերի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների նվազեցման նպատակով գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաև այդ ծրագրերով ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը, որը պայմանավորված է 2012 թ. դեկտեմբերի 19-ին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի ընդունմամբ։ Այդ օրենքում լրացվել է 39.3-րդ հոդվածը, որով արտոնություն է նախատեսվում ՀՀ կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրերն իրականացնող ռեզիդենտների համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը վարչապետից հանձնարարություն է ստացել զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնել այս ծրագիրը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները տեղյակ լինեն նոր ռեժիմին և համապատասխան հայտերով դիմեն կառավարություն։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը։ ՀՀ վարչապետը կարևորել է այս փաստաթուղթը, որը ներառում է խնդրո առարկայի վերաբերյալ բոլոր սկզբունքային դրույթները։ Շեշտելով հայեցակարգը զանգվածային լրատվամիջոցներով հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, Տիգրան Սարգսյանը հավելել է. «Սա մեր նախընտրական խոստումներից է, կարևորագույն հարց է, որը մշտապես գտնվում է երևանցիների ուշադրության կենտրոնում»։
Գործադիրը հաստատել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգի փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում ու պարզեցվում են նշված տարածքներում կառուցապատման գործառույթները, հավանություն տվել ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովելու հայեցակարգին և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։

Այս խորագրի վերջին նյութերը