Հարթաշենի գյուղապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել անչափահասին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ազատ Ղուկասյանը, 2011թ. նոյեմբերի վերջերին անչափահաս Ա.Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Նույն արարքը Ազատ Ղուկասյանը կատարել է նաև 2012թ. հունվարին և փետրվարին, իսկ այնուհետև` անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 142-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով:
Հարթաշենի գյուղապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման