Քաղաքական

07.03.2013 13:36


Արամ Հարությունյան. «Հայաստանի չորորդ նախագահը Սերժ Սարգսյանի մարդը չի լինի»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Հայաստանի չորորդ նախագահը Սերժ Սարգսյանի մարդը չի լինի»(տեսանյութ)

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով ձերբակալված նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանին։ Նա ընդգծել է, որ որևէ դրդապատճառ չի տեսնում, թե ինչու պետք է Վարդան Սեդրակյանը գնար այդ քայլին։

Վարդան Սեդրակյանը որևէ ձևով չի տեղավորվում մահափորձի պատվիրատուի դերում,-ասել է Ա. Հարությունյանը՝ հումորով ավելացնելով,–վարորդը նաև հսկիչ է. կաֆելչիկը նաև քիլեր է։

Ինչ վերաբերում է պաշտոնական տվյալներով ՀՀ նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանին, բանախոսն ընդգծել է, որ նա տառապում է «ժողովրդի ատելություն» հիվանդությամբ և այդ ատելությունը երկողմանի է.

–Փետրվարի 18-ին յուրաքանչյուր ընտրող մահափորձ կատարեց Սերժ Սարգսյանի նկատմամբ, և այժմ նա քաղաքականապես անկողնային վիճակում է։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական չլինի, Սերժ Սարգսյանը կերկարացնի իր կյանքը «կեղծ ընդդիմություն» դեղամիջոցով։Սերժ Սարգսյանի թիմում բոլորը հասկացել են, որ նա իրավիճակին չի տիրապետում: Նաև խնդիր ունի, թե ով է լինելու իր իրավահաջորդը,քանի որ Սերժ Սարգսյանն այդքան ռեսուրս չունի, որ Հայաստանի չորրորդ նախագան իր մարդը լինի։

Ա. Հարությունյանի համոզմամբ՝ այսօր իշխանությունն ավելի թույլ է, քան 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Նա նաև ավելացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր պահանջները պետք է ձևակերպի հստակ, իսկ հանդիպումներն անցկացնի բաց.

–Մեկ է հիմա ամեն ինչ գաղտնալսվում է: Րաֆֆին նյարդայնացել էր, որ Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը գաղտնալսվել է: Պարզ է չէ՞, որ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպումն էլ է գաղտնալսվել: Դրա համար կարևոր է, որ հանդիպումները լինեն բաց։ Նաև ուզում եմ հավատալ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց հստակ քայլ եմ ուզում տեսնել, պետք է հստակ ձևակերպվի խնդիրը, հստակ խոսվի հրաժարականի մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը