Լրահոս

06.03.2013 12:29


Նոր միջոցառումներ` ուղղված տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Նոր միջոցառումներ` ուղղված տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

2013 թվականը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և տեխնոլոգիական հայության համար հագեցած կլինի նոր միջոցառումներով ու ծրագրերով:

«Տեխնոլոգիական հայությանը համախմբելու, մարդկանց ուշադրությունը ոլորտի նկատմամբ սևեռելու և Հայաստանը տեխնոլոգիական զարգացած երկիր դարձնելու նպատակով` այս տարի նախաձեռնում ենք իրականացնել նոր միջոցառումներ տարբեր տարիքային խմբերի համար»,- այսօրվա ասուլիսին ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միությունն այս տարի շեշտադրում է հատկապես տեխնոլոգիաների կիրառումն այլ ոլորտներում: Այդ նպատակով կազմակերպվելու է «Բիզնես Ինովացիոն ֆորումը», որը տեղի կունենա նոյեմբերի 8-10-ը Դիլիջանում: Առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար: Միջոցառման ընթացքում արծարծվող հիմնական թեմաներից կլինեն` էֆեկտիվ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանում, բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրները, տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում:

Տեխնոլոգիաների կիրառմանն է նվիրված լինելու նաև ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որն էլ կկայանա հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում` «Թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագրով: Ակնկալվում է` ֆորումը կունենա 50 մասնակից կազմակերպություն և ավելի քան 1500 այցելու: Արդեն երկու տարի է, ինչ ֆորումի աջակիցն է «ԱրմենՏել» ընկերությունը:

Առանձին ուշադրություն է դարձվելու հատկապես երիտասարդների ինտեգրմանը ռոբոտաշինության ոլորտ: Այս նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ, նախաձեռնվում են մի շարք մրցույթներ և ծրագրեր: Մասնավորապես, հուլիսին կկայանան «Իրեր տարբերակող ռոբոտ» և «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների եզրափակիչ փուլերը, որոնց  գրանցումն արդեն սկսվել է, իսկ մայիսին կկայանա «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: 

Ռոբոտաշինության զարգացման նպատակով միությունը նախատեսում է ևս մեկ ծրագիր` ռոբոտատեխնիկայի լաբորատորիա, որը տեղակայված կլինի Պոլիտեխնիկ հենակետային վարժարանում: Այն կլինի ընդհանուր ռոբոտատեխնիկայի դասավանդման կենտրոն Երևանի բոլոր դպրոցների աշակերտների, ուսանողների և այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ռոբոտատեխնիկա: Լաբորատորիայի շրջանակներում կանցկացվեն սխեմաների նախագծման, ծրագրավորման, մեխանիկայի և մեխատրոնիկայի, կոնտրոլերների ծրագրավորման, սենսորների հետ աշխատանքի և այլ մասնագիտական վարժանքներ: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2013թ.-ի մարտի կեսերից:

Հոկտեմբերի 4-6-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող 9-րդ միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը: Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսը կունենա 26.000 այցելու (անցած տարվա 24.000-ի փոխարեն) և 150 մասնակից ընկերություն (նախորդ տարվա 120-ի փոխարեն):

Դեռևս 4 անգամ տարվա ընթացքում կհամախմբվեն և ոլորտի շահերի պաշտպանությանն ուղղված խնդիրները կքննարկեն, լուծումներ կառաջարկեն տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներն ու պետական մարմինների ներկայացուցիչները  «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակներում: 

Այս խորագրի վերջին նյութերը