Լրահոս

06.03.2013 10:12


Գերմանիայում բնակվող հայաստանցի երիտասարդները բաց նամակով դիմել են ՀՀ իշխանություններին

Գերմանիայում բնակվող  հայաստանցի երիտասարդները բաց նամակով դիմել են ՀՀ իշխանություններին

Գերմանիայում բնակվող  հայաստանցի երիտասարդները բաց նամակով դիմել են ՀՀ իշխանություններին՝ պահանջելով ճանաչել քաղաքացիների ազատությունները և իրավունքները, այդ թվում՝ վերականգնել արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը:  Ստորև ներկայացնում ենք նամակը, որի տակ ստորագրել է  Գերմանիայում բնակվող 104 հայ երիտասարդ։
«Տիկնայք և պարոնայք,
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա՝ ակնկալելով Ձեր գործուն միջամտությունը մի կարևորագույն խնդրի շուրջ, որը Գերմանիայում ապրող հայ երիտասարդներիս՝ մեր ազգի հետ մեր երկրի ներկան ու ապագան կերտողներիս, վերջին ժամանակներս մտահոգությունների և քննարկումների առիթ տվեց:
Ակտիվ մասնակցություն ցուցաբերելով մեր երկրի քաղաքական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում, ինչպես մեր երկրի սահմաններում, այնպես էլ սահմաններից դուրս, չկարողացանք զերծ պահել մեզ նաև վերջին ժամանակներս Հայաստանում կատարվող իրադարձություններից:
Մենք հպարտ ենք Հայաստանի, հայ ժողովրդի ու հատկապես երիտասարդության ամեն մի նվաճումով, որոնք քիչ չեն եղել վերջին քսան տարիների ընթացքում: Սակայն մեզ շատ է հիասթափեցնում այն փաստը, որ Հայաստանում դեռևս երաշխավորված չէ ժողովրդավարության ամենակարևոր բաղադրիչը՝ արդար և ազատ ընտրությունները: Ներկայիս կառավարությունը փետրվարի 18-ին կրկին չապահովեց սահմանադրորեն ամրագրված ընտրական սկզբունքներին համապատասխանող ընտրություններ:

Բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով և վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացված ընտրությունների մասին են վկայում համացանցում տեղադրված բազմաթիվ հայտարարություններն ու տեսանյութերը: Մեզ համար ցավալի է, որ մեր հայրենակիցներն ստիպված են այսօր կրկին դուրս գալ հանրահավաքների՝ պահանջելով վերականգնել ճշմարտությունը:
Սա վառ ապացույցն է այն բանի, որ Հայաստանի քաղաքացիներն այլևս մտադիր չեն հանդուրժել բռնության միջոցով իրենց պատկանող իշխանության յուրացումը որևէ անհատի կամ կուսակցության կողմից: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն այլ բան չեն, քան Հայաստանի քաղաքացիների անվստահությունը գործող իշխանությունների հանդեպ:
Միաժամանակ մենք հպարտ ենք, որ երիտասարդությունն այլևս պասիվ չէ, որ նա ոտքի է կանգնել և ակտիվորեն մասնակցում է քաղաքական կյանքին՝ արտահայտելով իր բողոքը հերթական կեղծված ընտրությունների դեմ: Մենք միանում ենք Հայաստանի մեր ուսանող ընկերների պայքարին՝ խստորեն դատապարտելով իշխանությունների բռնի վերաբերմունքը տեղի ունեցող դասադուլների հանդեպ:

Յուրաքանչյուր ոք՝ ներառյալ ուսանողությունը, ունի հավաքվելու և իրեն հուզող ցանկացած հարցի վերաբերյալ իր բողոքի ձայնը բարձրացնելու՝ սահմանադրորեն երաշխավորված ազատություն: Ուսանողության պայքարին խոչընդոտելու իշխանությունների ցանկացած փորձ կարծիք հայտնելու բնական ազատության կոպիտ խախտում է:
Դատապարտում ենք կրթական համակարգի այն աշխատակիցներին, ովքեր ուսանողներին պառակտումների ու ագրեսիայի սադրանքների են տանում: Մենք միացնում ենք մեր ձայնը Հայաստանում ուսանող երիտասարդության ձայնին և պահանջում ԵՊՀ-ի ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին ազատել իր զբաղեցրած պաշտոնից:

Մենք միաժամանակ հայտնում ենք մեր վրդովմունքը, որ, լինելով Հայաստանի քաղաքացի և օրինական հիմքերով գտնվելով արտերկրում, զրկված ենք ընտրելու սահմանադրական իրավունքից: Ներկայիս վարչակազմի կողմից արտերկրում բնակվող քաղաքացիներին ընտրություններին մասնակցել թույլ չտալու փաստը խոսում է մեր իշխանության՝ իր մեկ միլիոնից ավելի քաղաքացիների հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին, և հետապնդում է միայն մի նպատակ՝ ամեն գնով կեղծել ընտրությունները:

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ արտերկրում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ դիվանագիտական և հայկական կազմակերպությունների արտերկրյա ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները: Փաստորեն, Հայաստանի գործող իշխանությունները հավասար հնարավորություններ չեն ապահովում արտասահմանում գտնվող քաղաքացիների համար:
Մենք կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին վերանայել Օրենսգրքի վերոհիշյալ նորմը և ապահովել մեր երկրի ապագայի կերտմանը մասնակցելու մեր իրավունքի լիարժեք իրականացման հնարավորություն»:

Այս խորագրի վերջին նյութերը