Լրահոս

05.03.2013 11:51


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանում շարունակվող հայատյացության վտանգավոր քաղաքականությանը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանում շարունակվող հայատյացության վտանգավոր քաղաքականությանը

Մարտի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին:

Դիվանագետի օրը ելույթ ունենալով հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ` դեսպանը խորհրդանշական համարեց իր` որպես ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի, այդ քաղաքում գտնվելը, քանի որ Սան Ֆրանցիսկոյում է ստորագրվել ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դեսպան Նազարյանն ընդծեց, որ 21 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց միջազգային միջկառավարական այդ հեղինակավոր կազմակերպությանը եւ այսօր շարունակում է հետեւողականորեն մասնակցել ու իր ներդրումն  ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության, ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների խրախուսման ու պաշտպանության համընդհանուր գործին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնացրեց ցեղասպանության  կանխարգելմանը  միտված Հայաստանի ջանքերը, խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու սումգայիթյան ողբերգության հետեւանքների մասին ու այդ համատեքսում անդրադարձավ Ադրբեջանում շարունակվող հայատյացության վտանգավոր քաղաքականությանը:

Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանի Նախագահն ու կառավարությունը մեծ ուշադրություն են դարձնում Հայաստան-Սփյուռք գործակցությանն ու համախմբվածությանը` կարեւորելով տարբեր երկրներում գործող հայկական եկեղեցիների, կազմակերպությունների, կառույցների, ԶԼՄ-ների, ինչպես նաեւ պարզապես մասնագետների ու անհատների դերակատարությունն այդ հարցում:

Դեսպան Նազարյանը խոսեց նաեւ վերջին տարիների ընթացքում Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության ու հայկական կառույցների եւ կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների ու քննարկումների մասին, որոնք առնչվում են կազմակերպության օրակարգում ներառված մշակութային, սոցիալական ու կայուն զարգացման հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը