Լրահոս

05.03.2013 00:17


Ջութակի տոն Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Ջութակի տոն Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի համերգը, որը կայացավ մարտի 2-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հրապուրել էր ոչ միայն բազում սովորական լարային երաժշտության երկրպագու-ունկնդիրների, այլև ջութակի դասարանի բազմաթիվ ուսուցիչների և աշակերտների, քանզի նրանց հնարավորտություն էր ընձեռվել վերստին հիանալու մեծ ուսուցչի դասարանի սաների ջութակի կատարողական մեծ վարպետությամբ: Ինչպես նշեց երեկոյի վարող, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենց), որպեսզի դառնալ իսկապես արհեստավարժ ջութակահար, հարկավոր են ոչ միայն բնական տվյալներ, այլև ինտենսիվ մշտական պարապմունքներ, համապատասխան փորձ ունեցող արհեստավարժ ուսուցիչների կողմից:Այդ պատճառով էլ վերոհիշյալ համերգը դարձավ նաև յուրատեսակ վարպետության դաս:

 Բարձր վարպետությամբ կատարվեցին լարային երաժշտության համաշխարհային հանճարների երգացանկից տարբեր ստեղծագործություններ: Համերգի վարողներ Արտեմ Կիրակոզովը և Վերոնիկա Իաշվիլի-Մանուկյանը յուրաքանչյուր նոր համար մատուցում էին ճանաչողական համառոտ մեկնաբանությամբ, ինչը համերգին հաղորդեց նաև որոշակի ճանաչողական բնույթ: Ջութակահարների հաջող ելույթներին նպաստեց նաև դաշնակահարուհիներ Թեոնա Միքելաձեի և Իրինա Պլատոնովայի նվագակցությունը:

Երեկոյի ընթացքում նչեցին Մոցարտի ,Պագանինի, Վաժա Ազարաշվիլու, Սարգիս Բարխուդարյանի ,Վիլյամ Կրոլլի,, Հենրիխ Էռնստի ,Սարասատեի ստեղծագործությունները, որոնք փայլուն կատարեցին Ե.Միքելաձեի անվան երաժշտական գիմնազիայի, Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի, մագիստրատուրայի սովորողները: Առանձնահատուկ ընդունելության արժանացավ Ե.Միքելաձեի անվան երաժշտական քոլեջի աշակերտուհի, ծնունդով Հարավային Կորեայից Միխե Չանգի ելույթը, ով մեծ վարպետությամբ կատարեց Կոմիտասի «Կռունկը»: Շնորհալի ջութակահարուհու կատարողական արվեստը վարպետորեն հղկվում է մաէստրո Է.Առաքելովի կողմից:

Վերջում իր օրհնության խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը առանձնահատուկ ընդգծեց համամարդկային բարձր զգացմունքների անսահմանությունը, որ այնպես գեղեցիկ դրսևորվեց տարբեր ազգի նվիրյալների ելույթներում: Ուրախալի է, որ «Հայարտունը» որպես Վրաստանի մշակութային կենտրոներից մեկը, բաց և բյուրընկալ է ոչ միայն Վրաստանի բազմազգ ժողովրդի, այլև նրա սահմաններից դուրս ծնվածների համար, հավելեց Սրբազան Հայրը:

 Համերգին ներկա գտնվող Վրաստանի մշակույթի նախարարության միջազգային ծրագրերի դեպարտամենտի փոխտնօրեն Խաթունա Խունդաձեն և Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի պատմության թանգարանի տնօրեն Մարինա Չիխլաձեն նշեցին, որ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող դահլիճը իրավամբ ծառայում է մարդկային հարաբերություններում բարձր մշակույթի լեզվով բարին, ջերմությունը և սրտակցությունը բազմապատկելու իր առաքելությանը և այս երեկոն իրավամբ դարձավ դրա վկայությունը:

Այս խորագրի վերջին նյութերը