Լրահոս

04.03.2013 16:17


Հանձնարարվել է վերանայել և հնարավորինս պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը

Հանձնարարվել է վերանայել և հնարավորինս պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ:

Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին պարզեցնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է մշակել փաստաթղթային ձևակերպումների նոր պազեցված ընթացակարգ և ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` շինարարության թույլտվություններ չպահանջող աշխատանքների ցանկն ընդլայնելու համար:

Մայրաքաղաքում գործող զվարճանքի օբյեկտները բազմաբնակարան բնակելի շենքերից որոշակի հեռավորության վրա շահագործելու հետ կապված` իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պատրաստվել է օրենսդրական նախագծերի փաթեթ:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ մարտի 1-ից միկրոավտոբուսային երեք երթուղիներ փոխարինվել են ներկրված 36 ավտոբուսներով: Մասնավոր ընկերությունների կողմից ներկրվել է ևս 80 նոր ավտոբուս, որոնք առաջիկայում կշահագործվեն համապատասխան երթուղիներում:

Առավոտյան և երեկոյան ժամերին քաղաքացիների համար ավելորդ անհարմարություններ չստեղծելու և պատշաճ սպասարկում իրականացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել հասարակական տրանսպորտի երթուղիներում առկա մեքենաքանակը և անհրաժեշտության դեպքում լրացնել այն:

Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ Լենինգրադյան փողոցի հանգույցում մեկնարկել են թունելային հատվածի, Իսակովի  պողոտայում էլ` ուղեանցի կառուցման աշխատանքները:

Բաց դիտահորերի կափարիչների պատվիրման և տեղադրման աշխատանքների ընթացքի հետ կապված` <> ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթ պատվիրվել և տեղադրվել է 12 բաց դիտահորի կափարիչ:

Հանձնարարվել է նաև գույքագրել Երևանի տարածքում գտնվող հնամաշ և վթարավտանգ համարվող էլեկտրասյուները և դրանց վերականգնման կամ փոխարինման հետ կապված առաջարկություններ ներկայացնել:

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս շաբաթ լայն թափով կմեկնարկեն ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները:

Սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման ուղղությամբ հանձնարարվել է ծանուցել տնտեսվարողներին կանաչապատման ու բարեկարգման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Այդ նպատակով տնտեսվարողներին կտրամադրվեն նաև  կանաչապատման համար անհրաժեշտ բուսատեսակներ: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ պարտավորությունները  թերի կատարած կամ պարտավորություններից խուսափող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը