Լրահոս

04.03.2013 11:32


Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

ԱՄՆ

Մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ եւ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հոր պատգամից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը եւ ԼՂՀ ներկայացուցիչը հանդես եկան ելույթներով` իրենց խոսքում, մասնավորապես, ընդգծելով Սումգայիթում եւ այլ բնակավայրերում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ոգեկոչման արարողությունների կարեւորությունը Սփյուռքում, հատկապես` Ադրբեջանի կողմից սեփական պատմության վերանայման ուղղությամբ Վաշինգտոնում եւ այլ մայրաքաղաքներում սանձազերծած քարոզչության ֆոնին:

Մեծ Բրիտանիա

Մարտի 3-ին բրիտանահայ համայնքային ուսանողական կազմակերպությունների ջանքերով Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տեւած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաեւ բազմաբնույթ բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաեւ անցորդներին էին բաժանում Սումգայիթյան ողբերգության մասին պատմող բրոշյուրներ:

Նույն օրը Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի բոլոր եկեղեցիներում տրվեց հոգեհանգստի պատարագ  սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Բողոքի այս ակցիայով Միացյալ Թագավորությունում մեկնարկ տրվեց Ղարաբաղյան շարժման ու սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնք կազմակերպվելու են ամբողջ մարտ ամսվա ընթացքում:

Չեխիա

Մարտի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երկու հարյուրից ավելի չեխահայեր եւ չեխեր հանրահավաք-երթով հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը:

Երթը, որին մասնակցություն բերեցին հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաներ, մեկնարկեց մարդաշատ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ ցուցարարները, ծածանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգայիթյան ոճրագործությունը, եւ Ադրբեջանի հակահայ ռազմաշունչ քաղաքականությունը դատապարտող բազմաթիվ պաստառներ եւ Սումգայիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվեցին դեպի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն արտահայտեցին Ադրբեջանի բռնատիրական, ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականության դեմ: Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանեցին սումգայիթյան ջարդերին նվիրված հազարից ավելի տեղեկատվական նյութեր:

Երթը եզրափակվեց Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ ունեցավ Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա, դիմելով ցույցին մասնակցած չեխահայ բազմությանը, մասնավորապես նշեց. «Սա ոչ միայն սգո եւ ոգեկոչման երթ էր, այլ նաեւ Չեխիայի հայ համայնքի միասնական ուժի դրսեւորման երթ: Դուք կարողացաք հնչեցնել մեր հիմնավորված, արդար պահանջները, արտահայտել անարդարության դեմ հայ ժողովրդի բողոքը: Մեր միասնությունը հզոր պատասխան է Ադրբեջանին եւ իր կաշառված «բարեկամներին»: Հայաստանը եւ հայ ժողովուրդը պատերազմ չեն ուզում, Հայաստանի Հանրապետությունը ջանք չի խնայում հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի համապատասխան խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում պաշտպանելու մեր Հայրենիքը, պարտավոր ենք հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով, երջանիկ ու արարիչ կյանքով ապրելու արցախցիների արդար իրավունքը»:

Այնուհետեւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Արցախի, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի եւ Շահումյանի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, որին հաջորդած ելույթում Չեխիայի հայերին կոչ արեց էլ ավելի համախմբվել ազգային գաղափարախոսության, հայոց պետականության եւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ:

Հանրահավաք-երթը լուսաբանվեց չեխական ČT-24 հեռուստատեսության եւ «Օրեր» եվրոպական անկախ պարբերականի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը