Լրահոս

01.03.2013 20:22


Աջակցություն դպրոցական սնունդ ծրագրին Շիրակի մարզում

Աջակցություն դպրոցական սնունդ ծրագրին Շիրակի մարզում

ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) օժանդակությամբ Հայաստանի մի շարք մարզերում արդեն երրորդ տարին իրականացվող դպրոցական սնունդ ծրարի շրջանակներում այսօր ծրագրին մասնակից Շիրակի մարզի 44 դպրոցների ՊՀԾ ն նվիրեց մեկական գազօջախ։ Դրանից առաջ գազօջախներ էին հատկացվել ծրագրին մասնակից Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին՝ ընդհանուր հաշվով 160 գազօջախ։

Նվիրաբերության առիթով Գյումրիի թիվ 10 դպրոցում կազմակերպվեց գազօջախների հանձնում, որին ներկա էին ՊՀԾ-ի դպրոցական սնունդ ծրագրի նվիրատուն հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հայաստանյան դեսպանության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիներ, դպրոցների տնօրեններ, այլ հյուրեր։

«Այս նվիրատվությունը դպրոցներին հնարավորություն կտա ազատվել իրենց դարն ապրած խոհանոցային սարքերից, այդ թվում դեռևս շատ տեղերում օգտագործվող փայտի վառարաններից և բարելավել տաք կերակրի պատրաստումը, այն դարձնել ժամանակակից ու հարմար, մաքուր ու անվտանգ, առողջության համար վնասակար ծխից զերծ ոչ միայն աշակերտների, այլև ամեն օր ճաշը սիրով պատրաստող խոհանոցների աշխատողների համար»,-ասաց ՊՀԾ ծրագրերի պատասխանատու Լիանա Խառատյանը։

Գյումրիի դպրոցում հավաքվածները ականատես եղան դպրոցական սնունդ ծրագրի իրականացմանը։

«Երեխաներն անհամբերությամբ են սպասում իրենց ամենօրյա նախաճաշին և մենք ամեն ինչ անում ենք, որ մատուցված ուտեստները լինեն բազմազան, համեղ ու սննդարար։ Գոհ են թե աշակերտները, թե ծնողները և թե ուսուցիչները, որոնց համար անհամեմատ ավելի դյուրին է աշխատել նախաճաշած և բարձր տրամադրությամբ երեխաների հետ»,-ասաց դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանը։

Միջոցառման ընթացքում Շիրակի մարզի տարբեր դպրոցներում սովորող վեց աշակերտներ, որոնք հաղթող էին ճանաչվել դպրոցական սնունդ ծրագրի թեմայով հայտարարված դպրոցականների նկարների մրցույթում, ստացան խրախուսակական պարգևներ, այդ թվում իրենց նկարներով կազմված օրացույցներ։ Վերջում հյուրերը դիտեցին ծրագրին նվիրված լուսանկարների ցուցահանդես։

Ռուսաստանի կառավարության ֆինանսավորումով և ՊՀԾ ի միջոցով ծրագրի իրականացումը կշարունակվի մինչև 2016թ., որից հետո այն որպես ազգային ծրագիր կստանձնի Հայաստանի կառավարությունը։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն իսկ գործուն քայլեր է ձեռնարկում, այդ թվում ֆինանսական միջոցներ է տրամադրում ընթացիկ ծրագրին։

Այս խորագրի վերջին նյութերը