Լրահոս

28.02.2013 18:30


Ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ

Ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ

Պետական եկամուտների կոմիտեի` վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն է: Առաջնորդվելով շարունակական բարեփոխումների սկզբունքով` կոմիտեն հերթական նորամուծությունն է առաջարկում հարկ վճարողներին. ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ` դրանով իսկ էլեկտրոնային երկխոսության նոր հարթակ ձևավորելով բիզնեսի համար: Նպատակն է` վարչարարական եղանակներով խրախուսել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հարկային հաշվարկներ ներկայացնող և հարկային պարտավորություններ կատարող հարկ վճարողներին: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, նրանց նկատմամբ կկիրառվի վստահության վրա հիմնված հարկային վարչարարություն` հարկային հսկողության օրենսդրությամբ սահմանված ձևերն ու մեթոդները սահմանափակելով ռիսկերի բացահայտմանն ուղղված կամերալ(գրասենյակային) ուսումնասիրություններով և վերլուծություններով. «Խրախուսման մեխանիզմի համաձայն, առնվազն մեկ տարվա ընթացքում հարկային և այլ հարակից օրենսդրությամբ սահմանված պարտավարությունները ճշգրիտ կատարած, ինչպես նաև հարկային և այլ հարակից օրենսդրության խախտումներ չիրականացրած հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն հայտարարել իրենց` որպես օրինապահ: Այնուհետև, հարկային մարմնի կողմից վերջիններիս օրինապահ լինելը հաստատվելու դեպքում կհրապարակվի տվյալ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողների ցանկը»,-տեղեկացրել է Միքայել Փաշայանը:

Այդ նպատակով ՊԵԿ հարկային ծառայության taxservice.am կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում օրերս ստեղծվել է ««Օրինապահ» հարկ վճարողների գրանցում» ենթաբաժինը, որտեղ հարկ վճարողները կարող են գրանցվել ինքնուրույն` մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: Իսկ մինչև օգոստոսի 1-ը հաշվետու տարվա «օրինապահ» հարկ վճարողների ցանկը  կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքէջում: Գրանցման ենթակա հարկ վճարողները դասակարգվում են 3 խմբի` խոշոր հարկ վճարողներ, որոնց հասույթը հաշվետու տարում գերազանցել է 500 միլիոն դրամը, միջին հարկ վճարողներ, որոնց  հասույթը կազմել է 58,35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն և փոքր հարկ վճարողներ, որոնց հասույթը հաշվետու տարում չի գերազանցել 58,35 միլիոն դրամը: Նշենք, որ բաժնում հարկ վճարողները գրանցվում են հաշվետու տարվա արդյունքներով:

Այսպիսով էլեկտրոնային նոր գործիքի կիրառմամբ էապես կբարձրացվի հարկ վճարողների ինքնագնահատման աստիճանը. բարեխիղճ և ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ առաջին անգամ կգործարկվեն տարբե­րակված վարչարարական մոտեցումներ: Միքայել Փաշայանի խոսքերով` «օրինապահ» հարկ վճարողների ցանկում ընդգրկված հարկատուների նկատմամբ կկիրառվի առավել մեղմ հարկային վարչարարություն: Համանման մոտեցում կդրսևորվի ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, այն տարբերությամբ, որ նրանց նկատմամբ օրենքով ընձեռնված բոլոր վարչարարական գործիքների կիրառումը կլինի պարտադիր և ՊԵԿ-ի խիստ ու հետևողական վերահսկողության ներքո:

Պատասխանելով մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին` տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառումը ճշգրիտ իրականացնելու նպատակով եկամտային հարկի հաշվարկի տվյալները պարտադիր համեմատվում են «ՀՀ բնակչության պետական հաշվառման անձնավորված տվյալների շտեմարանի» հետ: Հետևաբար հասկանալի է, որ ՊԵԿ-ը չի հանդիսանում «ՀՀ բնակչության պետական հաշվառման անձնավորված տվյալների շտեմարանի» վարողը, էլեկտրոնային ստորագրություն և նույնականացման քարտեր տրամադրողը, նաև այդ քարտերը կարդացող սարքերի տրամադրողը և ՊԵԿ-ը չի կարող սարքավորումների գնումներ իրականացնել այլ գերատեսչությունների փոխարեն: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգը, որը գործարկվել է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկական առաջադրանքի հիման վրա, աշխատում է անխափան, ինչում համոզվելու առիթ ունեն բոլոր այն հարկ վճարողները, որոնք վերջին 3 տարիների ընթացքում աշխատել են այդ համակարգով»,-հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը: 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը