Լրահոս

25.06.2009 17:47


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և տիկին Սանդրա Ռուլովսի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ
«Հարգելի Նախագահ և տիկին Սաակաշվիլի,
Տիկնայք և պարոնայք,
Ես անկեղծորեն ուրախ եմ եղբայրական Վրաստանի Նախագահին, նրա հարգարժան կնոջը և պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում ողջունելու հնարավորության համար: Իմ գործընկերները և ես ջերմությամբ ենք հիշում այն սրտաբաց ընդունելությունը, որին մենք արժանացանք Թբիլիսի իմ պաշտոնական այցի ընթացքում:
Հայ-վրացական հարաբերությունները հաշվարկվում են դարերով և զուր չեն դրանք անվանում պատմական: Մեր ժողովուրդների և մշակույթների փոխհարստացումը և բարեկամության ավանդույթները, ինչպես նաև շատ առումներով ընդհանուր պատմական ճակատագիրը ամուր հիմք են բարիդրացիական հարաբերությունների համար:
Կայունության պահպանումը և ամուր խաղաղության հաստատումը Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար կենսական խնդիրներ են: Տարածաշրջանի ներկայիս բարդ իրավիճակում մենք մեր գործողություններում ելնում ենք հետագա սերունդների համար բարեկամության և բարիդրացիական ավանդույթների պահպանման անհրաժեշտությունից: Այլ ելք մենք չունենք: Մեր ժամանակներում այնքան շատ են գլոբալ մարտահրավերներն ու սպառնալիքները, որ դրանց արդյունավետ կարելի է դիմակայել միայն միասնաբար: Աշխարհագրական առումով այնքան փոքր, բայց աշխարհաքաղաքական առումով այնքան նշանակալից տարածաշրջանի, ինչպիսին մերն է, երկրները պարզապես պարտավոր են փոխադարձ հետաքրքրության ճանապարհներ փնտրել, ելնել փոխադարձ հարգանքի ու փոխվստահության նորմերից:
Ես խորապես համոզված եմ, որ ամուր, երկարատև գործընկերության հիմքում ընկած են տնտեսական փոխհարաբերությունները: Այստեղ մենք մեծ ներուժ ունենք, բայց, ցավոք, այն դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում: Թույլ տվեք հույս հայտնել, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի բարձրացնել տնտեսական համագործակցության արդյունավետությունը: Այն հատկապես հրատապ է այսօր՝ գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում: Չնայած հաղորդակցության և ենթակառուցվածքների առկայությանը, մեր շուկաները դեռևս ամբողջովին չեն յուրացվել երկու երկրների գործարարների կողմից:
Մեր երկկողմ հարաբերությունների կարևորագույն տարրերից է միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը: Կարծում եմ, այստեղ ևս կան չօգտագործված հնարավորություններ ավելի արգասաբեր համագործակցության համար: Հատկապես կցանկանայի նշել Եվրամիության Արևելյան գործընկերության ձևաչափը, որը համագործացության նոր հնարավորություններ ու ոլորտներ է առաջարկում, և ես վստահ եմ, որ մեր երկրները լիարժեքորեն կօգտագործեն այն՝ ի շահ մեր ժողովուրդների: Ավելին, մենք կարող ենք և պարտավոր ենք Արևելյան գործընկերության ձևաչափը ուղղորդել Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության ընդլայնմանը, տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը, տնտեսական ներուժի հզորացմանը:
Հարգելի ընկերներ,
Վրաց հասարակության անբաժանելի մասն է հայկական համայնքը, որը բարեկամության յուրօրինակ կամուրջ է երկու երկրների միջև: Ցանկանում եմ Վրաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնել՝ մեր հայրենակիցների խնդիրների և սպասումների նկատմամաբ մշտական ուշադրության համար: Վստահ եմ, որ առաջիկայում ևս Վրաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում կլինեն ինչպես հայաբնակ տարածաշրջանների, այնպես էլ ընդհանրապես Վրաստանի ողջ հայ բնակչության սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային հարցերը:
Հայկական սփյուռքում գիտեն իմ վերաբերմունքը՝ լավ հայ լինելու համար, Սփյուռքի հայը ուղղակի պարտավոր է լինել ազնիվ, հարգված, պահանջված քաղաքացին այն երկրի, որտեղ նա ապրում է: Վրաստանի հայերը դարեր ի վեր այդպիսի համբավ են ունեցել: Արվեստի, բիզնեսի, գիտության և կրթության աշխարհում՝ ամենուր նրանք իրենց արժանի ներդրումն են ունեցել՝ ի շահ Վրաստանի բարգավաճման: Սայաթ Նովա, Փարաջանով, Մանթաշով, Արամյանց՝ Վրաստանի ականավոր հայերի այս ցանկը կարելի է անվերջ թվարկել: Պարոն Նախագահ, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի փոխադարձ սիրո այս մարդկային կամուրջը շարունակի լինել ժողովուրդների միջև բարեկամության մարմնավորում և օրինակ:
Այսօր մեզ հետ այս դահլիճում է Հայաստանի ամենահայտնի վրացուհին՝ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ, ականավոր հասարակական գործիչ Թինա Լևանի Ասատիանին: Նա իր ողջ կենսակերպով ապացուցել է, թե ինչքան շատ բաների մենք կարող ենք հասնել միասին: Մենք պետք է խրախուսենք ուսանողական փոխանակումերը, զարգացնենք երիտասարդ մասնագետների, գիտնակաների, մշակութային գործիչների համագործակցության ծրագրերը:
Հարգարժան պարոն Նախագահ և տիկին Ռուլովս,
Թույլ տվեք մեկ անգամ ևս ողջունել ձեզ Հայաստանում և վստահություն հայտնել, որ այսօրվա հանդիպումը խթան կհանդիսանա մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար և նոր լիցք կհաղորդի հայ-վրացական բազմակողմ հարաբերությունների հետագա խորացմանը:
Ես բաժակ եմ բարձրացնում և կենաց առաջարկում Վրաստանի Նախագահ պարոն Միխեիլ Սաակաշվիլիի, նրա տիկնոջ Սանդրա Ռուլովսի և Վրաստանի ստեղծագործ ժողովրդի համար:

Կեցցե Վրաստանը,
Կեցցե Հայաստանը,
Կեցցե հայ-վրացական եղբայրությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը