Լրահոս

27.02.2013 13:34


ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» զեկույցը

ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ  «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» զեկույցը

 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո տեղական դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում 2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում:

Ընտրական գործընթացը գնահատվում է` ելնելով ՀՀ օրենսդրությունից և ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներից: Սույն զեկույցը ներառում է քվեարկության օրվա (2013 թ. փետրվարի 18-ը) դիտարկումների արդյունքներն ու գնահատականները: Դիտարկումն իրականացվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 36 ընտրատեղամասերում`(6/01-6/36), առավոտյան  ժամը 7:00-ից մինչև հանձնաժողովների արձանագրությունների կազմումը (յուրաքանչյուր տեղամասում` 2 դիտորդ` նախօրոք մշակված գրաֆիկի համաձայն): Կազմակերպության դիտորդները ներկա են եղել նաև Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ 2013 թ. փետրվարի 18-ին, ժամը 07.00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 04.30-ը, երբ բոլոր տեղամասերից բերվել են քվեարկության արդյունքները: Դիտորդության օրը նախօրոք մշակված գրաֆիկի և շրջիկ դիտորդների խմբերի միջոցով 4 ուղղությամբ իրականացվել է շրջիկ դիտորդություն ընտրատարածք և բոլոր ընտրատեղամասերը:

           Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, հիմք ընդունելով իրականացրած դիտորդական առաքելության արդյունքները, հայտարարում է`

Ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով, արձանագրվել են ընտրողների ուղղորդման, ընտրակաշառքի, այլ անձի փոխարեն քվեարկության դեպքեր, տեղամասերում եղել են կողմնակի անձինք, լցոնման փորձ, ճնշումներ դիտորդների նկատմամբ և այլ խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը ներկայացնում ենք ստորև:

Ընտրողների ուղղորդումներ և ընտրակաշառք

 

6/12 ընտրատեղամասում ժամը 12-ի սահմաններում դիտորդը լսել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանի վստահված անձը 2 կնոջ ասում է, որ կտա 40.000 դրամ, որպեսզի նրանք ապահովեն իրենց շենքի բնակչության հոսքը։

6/14  ընտրատեղամասում տեղամասին կից սենյակում երկու հոգի նստած են եղել համակարգչի առաջ. նրանցից մեկը ցուցակից թելադրել է հեռոխոսահամարները, մյուսը զանգել և ուղղորդել է, որ  ոմն Գագիկ Խաչատրյանից գնան ստանան 5000-ական դրամները և ընտրեն Սերժ Սարգսյանին: Մի շարք ընտրողներ բողոքարկում էին, որ ցուցակներում կրկին ընդգրկված են մահացած, այլ վայրում գտնվող հարազատները:  Արձանագրվեց, որ արտերկրում բնակվող քաղաքացու փոխարեն ստորագրված է եղել:

6/15 ընտրատեղամասում Ս. Սարգսյանի վստահված անձ Արտակ Շահնազարյանը ընտրողներին տեղամաս մտնելիս ուղորդում էր գրանցման սեղանի մոտ, ընտրությունից հետո քաղաքացիներին հուշում էր` «գնա ասա թող գան ուշանում են»:

6/17 ընտրատեղմասում Ս. Սարգսյանի վստահված անձը, ով ներկայանում էր որպես Ս. Սարգսյանի շտաբի պետ և իր հետ կանգնած կողմնակի անձինք ընտրողներին ուղորդում էին:

6/23 ընտրատեղմասում գրանցվել են անծանոթ անձի կողմից քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր:

6/27 ընտրատեղամասում կողմնակի անձ մտել է տեղամաս, մոտեցել ընտրողներից մեկին ու առաջարկել 15-20  հազ. դրամ գումար կարուսելի մեթոդը կիրառելու համար: Հանձնաժողովի նախագահը նրան դուրս է հրավիրել և մեկնաբանել, որ այդ անձը մտավոր խնդիրներ ունի:

6/8, 9, 10  ընտրատեղամասերում, որոնք գտնվում են 153  դպրոցում (Շինարարների 23ա), մեր դիտորդը նկատել է, որ մի երիտասարդը տարեց կնոջն ուղեկցել է վերոնշյալ երեք ընտրատեղամասերը։

6/35 ընտրատեղամասում ժամը 12:45-ի սահմաններում մոտ հիսուն տարեկան մի կին մոտեցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին, կարծելով, թե նա վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ է, ասել է. «Ինձ ասեք, թե մեր շենքից ինչքան մարդ է եկել, որ ես գնամ մնացածին էլ բերեմ »։ Դիտորդը փորձել է հանձնաժողովի նախագահից ճշտել, թե ով է այդ կինը, հանձնաժողովի նախագահն ասել է, որ չի ճանաչում նրան։ Նույն տեղամասում մի անձ, ով չի կրել վկայագիր, ներկայացել է որպես վստահված անձ, սակայն  գրանցված չի եղել։ Նշված անձը ընտրատեղամաս մուտք գործող անձանց ուղորդել է դեպի ցուցակները: Քվեարկության սենյակի դուռը մի քանի րոպեով փակվել է, ընդ որում, ներսում եղել է 7-8 ընտրող:

6/15, 6/16 ընտրատեղամասերում անհայտ անձինք և  Սերժ Սարգսյանի վստահված անձինք ուղեկցել են ընտրողներին: Նույն ընտրողը մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս, շրջել և դուրս եկել:

6/01, 6/10, 6/19, 6/20 ընտրատեղամսերում Սերժ Սարգսյանի վստահված անձինք ընտրողներին ուղղորդել են։

6/07 և 6/06 ընտրատեղամասերը գտնվում են նույն դպրոցում։ Ս. Սարգսյանի վստահված անձինք խումբ-խումբ մարդկանց են բերել ընտրատեղամաս և ուղղորդել ընտրություն կատարելու։

Կողմնակի անձինք և կուտակումներ ընտրատեղամասերում

6/04 ընտրատեղամասում քվեարկության սենյակում 5 վստահված անձ է ներկա եղել, որոնցից 4-ը եղել են Ս. Սարգսյանի վստահված անձինք։ Հելսինկյան կոմիտեի դիտորդը նախագահին զգուշացրել է այդ մասին, սակայն ոչ մի արձագանք չի եղել, և ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ 6/10-ում վստահված անձ ներկայացած մարդը համապատասխան վկայական չի կրել:

6/06 ընտրատեղամասում առկա են եղել մարդկանց կուտակումներ:

6/09 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվում են կողմնակի անձինք, եղել են մարդկանց կուտակումներ:

6/10 ընտրատեղամասում դրսում կուտակումներ են եղել, իսկ ներսում կողմնակի անձինք են ներկա եղել: Գրանցամատյանում վստահված անձանց գրանցման մասում գրանցված էին Սերժ Սարգսյանի երեք վստահված անձ: Առաջինը գրանցվել է 8:50 և դուրս է եկել 9:40: Երկրորդ վստահված անձը գրանցվել է 9:40, իսկ երրորդը` 09:52, երկրորդ և երրորդ վստահված անձինք դուրս չէին գրվել: Հարցին, թե ինչու են երկու հոգի գրանցված միաժամանակ, հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ նրանք քանի որ անընդհատ մտնում-դուրս են գալիս, ապա իմաստ չունի այդքան գրանցել: Ս. Սարգսյանի վստահված անձինք անընդհատ ընտրատեղամասում էին:

6/14 ընտրատեղամասում (այն տեղակայված է թիվ 100 դպրոցում) դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը ժամը 8:15 ներկայացել է որպես դիտորդ, սակայն վկայագիրը ցույց չի տվել, նա անընդհատ դուրս ու ներս է արել տեղամասում:

Report.am կայքի լրագրողը, առանց հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին  տեղյակ պահելու (գրանցվելու), նկարահանում է կատարել ընտրատեղամասում:

6/16  ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահաված անձը և նրա ընկերներն ազատ ելումուտ են արել տեղամաս: Նույն տեղամասում ոստիկանի սենյակը քվեարկության սենյակի միջով է անցնում:

6/17 ընտրատեղամասում քվեարկության սենյակում ժամանակ առ ժամանակ քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը: Քվեարկության սենկյակում կողմնակի անձ է եղել, ով միջամտել է քաղաքացիների քվեարկության գործընթացին: Հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ նրան դուրս է հրավիրել, սակայն վերջինս մնացել է սենյակում և շարունակել միջամտել գործընթացին:

6/18 ընտրատեղամասում հաճախակի լինում էին կուտակումներ, որոնք հասնում էին մինչև 18-19 հոգու, կուտակումները լինում էին նաև ընտրատեղամասից դուրս:

6/21 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը վկայական չի ներկայացրել և դուրս է հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից:

6/23 ընտրատեղամասում որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ ներկայացած մարդը վկայագիր չի կրել:Նույն տեղամասում մի անձ ներկայացել է որպես դիտորդ, իսկ երբ հարցրել են, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, նա առանց բացատրության լքել է տեղամասը: Առակա է եղել կուտակում. քվեարկության սենյակում եղել է 23 ընտրող:

6/22 ընտրատեղամասում, 6/1-ում, 6/2-ում  և 6/28-ում գրանցվել են կուտակումներ (15-ից ավելի ընտրող)։ 6/35 ընտրատեղամասում կողմնակի անձինք անընդհատ մտել են տեղամաս, զրուցել հանձնաժողովի անդամների հետ:

Քվեարկության գաղտնիության խախտում

6/01 ընտրատեղամասում քվեախցիկներում մեկից ավելի ընտրողներ են եղել, մի քանի դեպք է գրանցվել, երբ գրանցամատյանում չեն գրանցել ընտրողին օգնողի տվյալները։

6/05 ընտրատեղմասում գրանցվել են ընտրության գաղտնիության խախտման դեպքեր. քաղաքացիները քվեարկելուց հետո քվեաթերթիկները ցույց են տվել Ս. Սարգսյանի վստահված անձին: Վերջինիս կողմից կատարվել է նաև տարեց անձանց ուղղորդում։ Գրանցվել են դեպքեր, երբ նույն անձը քվեարկել է երկրորդ անգամ։

6/17 և 6/18 ընտրատեղամասերում քվեախցիկները սխալ են տեղադրված եղել` քվեարկողը մեջքով է կանգնել հանձնաժողովի անդմաներին: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, որ սենյակում կան տեսախցիկներ, այդ պատճառով քվեախցիկները տեսախցիկին հակառակ ուղղությամբ են տեղադրել:

6/27 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը խոչընդոտել է քվեարկողի ընտրության իրավունքը. ծրարը քվեատուփ գցելու ժամանակ փորձել է ստուգել քվեաթերթիկի առկայությունը ծրարում, նա վերցրել է ծրարը, թափահարել, նկատել, որ այն դատարկ է, պահանջել է միջի քվեաթերթիկը, սակայն ընտրողը, ծրարը խլելով, գցել է քվեատուփի մեջ:

6/25 ընտրատեղամասում Ս. Սարգսյանի վստահված անձը քվեարկություն կատարած տատիկի ձեռքից վերցրել է քվեաթերթիկը, ծալել, դրել ծրարի մեջ, ապա տվել է կնիք դնող հանձնաժողովի անդամին, որից հետո տատիկը ծրարը գցել է քվեատուփի մեջ։

6/11, 6/23, 6/24 ընտրատեղամասերում քվեախցիկները շատ մոտ են տեղադրված եղել:

6/06 ընտրատեղամասում ընտրողը քվեարկությունից հետո հանձնաժողովի անդամին ցույց է տվել քվեաթերթիկը (քվեարկել էր 6 համարի օգտին), ապա դրել ծրարի մեջ:

6/01 ընտրատեղամասում քվեախցիկներում երկու հոգի միաժամանակ են քվեարկել:

 

Քվեարկում են այլ անձի փոխարեն. լցոնման փորձեր

6/04 ընտրատեղմասում գրանցվել է դեպք, երբ բացակա անձի անվան դիմաց ստորագրված է եղել։

6/08 ընտրատեղամասում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը նկատել է, որ ընտրության ներկայացած անձանցից մեկն այլ անձի անձնագիր է ներկայացրել: Դիտորդը կանխել է նրա քվեարկությունը, հանձնաժողովի նախագահը կարգազանց քաղաքացուն դուրս է հրավիրել:

6/16 ընտրատեղամասի ընտրողներից Մանուկյան Արմենը նկատել է, որ արտերկրում գտնվող եղբոր`Մանուկյան Արսենի անվան դիմաց ստորագրված է, նույն տեղամասում Նավասարդյան Կարապետի փոխարեն քվեարկել է Մարտիրոսյան Նարեկը: Ընտրողներից Նազարյան Աղավնին բողոքել է, որ իր ընտանիքի 4 անդամների անունների դիմաց ստորագրված է, սակայն նրանք արտերկրում են:

6/23 ընտրատեղամասում որդին քվեարկել է մոր փոխարեն, գրանցվել է նամանատիպ ևս երկու դեպք: Ամուսինը հուշել է կնոջը թե, որ թեկնածուի օգտին պետք է քվեարկի:

6/36 ընտրատեղամասում փորձել են լցոնում կատարել. մի կին մտել է տեղամաս և փորձել ծրարների խուրձը լցնել քվեատուփի մեջ: Հանձնաժողովի անդամը կանխել է կարգազանցի գործողությունները: Անհայտ անձը փորձել է համոզել, սակայն չի ստացվել:

Կրկնակի քվեարկություն

6/13  ընտրատեղամասում մի ընտրող փորձել է երկրորդ անգամ քվեարկել, դիտորդը հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել է այդ փաստի վրա և նախագահը թույլ չի տվել, որ այդ ընտրողը քվեարկի երկրորդ անգամ:

6/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն աղմուկ է բարձրացրել` նշելով, որ ընտրողներից մեկը փորձում է երկրորդ անգամ քվեարկել, նախագահին թույլ չեն տվել խոչընդոտել ընտրողին, ում հաջողվել է ծրարը գցել քվեատուփի մեջ:

6/09 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ է արվել:

6/10 ընտրատեղամասում նույն անձը տարբեր հագուստներով մտել և փորձել է քվեարկել երկրորդ անգամ:

Ճնշումներ դիտորդների նկատմամբ

6/20 ընտրատեղամասում մեր դիտորդի վրա ճնշում են գործադրել: 6/16 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձինք սպառնացել են Հելսինկյան կոմիտեի դիտորդին, փորձել խոչընդոտել նրա աշխատանքը: Դիտորդի աշխտանքը խոչընդոտել են նաև 6/17 տեղամասում: Մեր դիտորդները նկատել են, որ տեղամասերից շատերում Սերժ Սարգսյանի վստահաված անձինք միաժամանակ մի քանիսն են եղել:

                      

Հանձնաժողովի անդամների աշխատանքը

6/02, 6/03, 6/04, 6/9, 6/11, 6/17, 6/19  և 6/23 ընտրատեղամասերում  ծրարները կնքող հանձնաժողովի անդամը նախ ընտրողի ծրարն էր կնքում, հետո անձնագիրը:

6/05 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահը դիտորդին գրանցել է առանց անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու:

6/08, 6/11, 6/25 ընտրատեղամասերում  հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները  բացարձակ չէին վերահսկում ընտրատեղամասում տիրող իրավիճակը:

6/13 ընտրատեղամասում  հանձնաժողովի քարտուղարը, նստելով գրանցում կատարող հանձնաժողովի անդամի կողոքին, վերջինիս օգնությամբ և թելադրանքով սկսել է իր մոտ գրառել ընտրող անձանց տվյալները:

6/19 ընտրատեղամասում ժամը 16:40 ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի վստահված անձը (Հակոբ անունով) առանց որևէ մեկին զգուշացնելու, վերցրել է ընտրողների ցուցակը և սկսել հաշվել քվեարկածների անունները, և ոչ ոք չի միջամտում այդ գործընթացին:

6/28 ընտրատեղամասում  ծրարը կնքող հանձանաժողովի անդամի անուշադրության հետևանքով 3 անգամ ընտրողները ծրարը առանց կնքելու գցել են տուփի մեջ:

Գրեթե բոլոր ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների կողմից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներին տրված արձանագրությունների քաղվածքները թերի են լրացված` բացակայում են որոշ տվյալներ, օրինակ` հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը, օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը, թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակը լրացված չէր տառերով:

Այլ

6/36 ընտրատեղամասում ԵԱՀԿ-ի դիտորդը նկատել է, որ քվեաթերթիկների մի խուրձը կնքված չէ: Հանձնաժողովի անդամներին և նախագահին տեղեկացվել է այս մասին: Չկնքված քվեաթերթիկները եղել են 38-ը, նշանակում է այդ խրձից արդեն 62-ը օգտագործվել է ընտրողների կողմից: Հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվել է քվեատուփի չկնքված քվեաթերթիկները կնքել և ճանաչել սահմանված նմուշի: ժամը 8-ից հետո հանձնաժողովի նիստի ժամանակ քվեարկությամբ որոշվեց չկնքված քվեաթերթիկները կնքել և ճանաչել սահմանված նմուշի:

6/26 ընտրատեղամասում դիտորդ ներկայացած անձը քվեարկության կեսից ներկայացել է որպես Ս. Սարգսյանի վստահված անձ:

6/05 ընտրատեղամասում Ս. Սարգսյանի վստահված անձը քվեարկության սենյակում անընդհատ կրկնել է, որ 6-րդ համարին ընտրեն:

6/31 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում եղել է մահացած անձի անուն, որը նկատել է մահացածի մայրը:

Արդյունքների ամփոփում

 

6/16 ընտրատեղամասում ձայների վերահաշվարկ է կատարվել, որի ընթացքում պարզվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկներից 200-ը պակասել է: Մի պահ տեղամասի հոսանքը անջատվել է, որից հետո կորած քվեաթերթիկները նորից հայտնվել են, սակայն դրանցից մոտ 25-ը պակաս է եղել:

6/26 տեղամասում ժամը 20-05-ին տեղամասի դռները փակվեցին, որից մոտ 10 րոպե անց միայն մի խումբ անհայտ անձինք, ովքեր մնացել էին տեղամասում, հեռացան:

6/25 տեղամասում փորձել են դիտորդի ուշադրությունը շեղել, ամեն ինչ արել են, որպեսզի նա չմասնակցի արդյունքների ամփոփմանը:

6/08 տեղամասում արդյունքների ամփոփման ժամանակ ներկա են եղել կողմնակի անձինք, ոստիկանը, պահակը: Արդյունքների ամփոփումը կատարում էր Ս. Սարգսյանի վստահված անձը:

6/23 տեղամասում արդյունքների ամփոփման ժամանկ մի ծրարից հանվեց երկու քվեաթերթիկ և երկուսն էլ վավեր համարեցին:

6/21 տեղամասում հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաշվարկելիս ծրարները խրձերով էին հանում` խախտելով արդյունքների հաշվարկման կարգը:

Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով /ԸԸՀ/ դիտորդություն

(Թիվ 6 ընտրատարածքում դիտորդները ներկա են եղել 2013 թ. փետրվարի 18-ին, ժամը 07.00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 04.30-ը, երբ բոլոր տեղամասերից բերվել են քվեարկության արդյունքները):

Ժամը 7:30-ին Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ներկա էին հանձնաժողովի նախագահը և 5 անդամներ: Ժամը 13:00-ին թիվ 6/17 ընտրատեղամասից ահազանգ էր ստացվել, որ ընտրողների կողմից բողոք է եղել, որ քվեարկության սենյակում կան տեսախցիկներ, որոնք նկարահանում են քվեախցիկները և այդ պատճառով փոխել են քվեախցիկների դիրքը՝ տեսախցիկների տեսադաշտից հեռու լինելու համար: ԸԸՀ-ի նախագահը մեկ այլ անդամի հետ մեկնել են ընտրատեղամաս և իրենց հավաստման համաձայն տեսախցիկները եղել են անջատված: ԸԸՀ-ի հրապարակման համաձայն, ժամը 11:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էին 6621 անձ, ժամը 14:00-ի դրությամբ` 18090 անձ, ժամը 17:00-ի դրությամբ` 26485 անձ: ԸԸՀ-ի հրապարակած տվյալները Հելսինկյան կոմիտեի դիտորդները համեմատում էին տեղամասերի տվյալների հետ:

Ժամը 22:30-ին ԸԸՀ է բերվել թիվ 6/08 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որն առաջինն էր ամփոփել արդյունքները: Այդ պահի դրությամբ ԸԸՀ-ի նախագահը տեղում չէր և վերադարձել է 22:43-ին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրության մեկ օրինակը պետք է դրվի պարկի մեջ` դրա համար հատուկ սահմանված տեղում` թափանցիկ պոլիէթիլային թաղանթի տակ տեսանելի ձևով: Բացի մի քանի տեղամասից, մնացած բոլոր տեղամասերի պարկերի մեջ արձանագրության օրինակը սահմանված տեղում չէր և հանձնաժողովի անդամները հայտնում էին, որ այն դրել են պարկի մեջ:

Համակարգային բնույթ էր կրում նաև այն, որ հանձնաժողովների գրանցամատյանները լրացված էին թերություններով, արձանագրությունների մեջ թվերը բառերով արտահայտված չէին:

6/08, 6/26, 6/09, 6/35, 6/34, 6/10, 6/05, 6/31, 6/32, 6/6, 6/7, 6/13, 6/25, 6/11, 6/18, 6/19, 6/15, 6/32, 6/21, 6/33, 6/22, 6/01, 6/20, 6/02, 6/27, 6/28, 6/12, 6/36, 6/16 տեղամասերի արձանագրության օրինակները պարկի համապատասխան տեղում չէին:

Հանձնաժողովներից քվեարկության արդյունքներն արդեն ներկայացնում էին ԸԸՀ և հերթ էին կանգնած, թե երբ իրենցից կընդունեն արդյունքները: ԸԸՀ-ը չէր հասցնում արագ ստուգել արդյունքները, որի պատճառով հերթ էր առաջացել:

6/26 ընտրատեղամասի անդամները ԸԸՀ-ին 2 արձանագրության փոխարեն հանձնել էին արձանագրության 1 օրինակ:

6/35 ընտրատեղամասի անդամները ԸԸՀ-ին հանձնել են արձանագրության լրացված 1 օրինակ, իսկ երկրորդ օրինակը լրացրել են տեղում:

6/34 ընտրատեղամասից բերված փաստաթղթերի մեջ բացակայում էր գրանցամատյանը:

6/17 տեղամասի հանձնաժողովի պարկը փակված էր մի քիչ այլ ձևով և այդ առումով տարբերվում էր մյուս պարկերից:

6/18 տեղամասի հանձնաժողովի արձանագրության մեջ բացակայում էր հանձնաժողովի անդամներից մեկի ստորագրությունը և բացը լրացնելու համար, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ներկայությամբ, տվյալ տեղամասի անդամի անվան դիմաց ստորագրեց տեղամասի քարտուղարը:

6/15 տեղամասում քվեաթերթիկի ելունդները չէին դրեց ընդհանուր պարկի մեջ, այլ դրել էին առանձին ծրարի մեջ: ԸԸՀ-ի անդամների այն հարցին, թե ինչու չէիք դրել պարկում, հանձնաժողովի նախագահը պատասխանել էր, որ մեր մոտ գոռգոռոցներ էին, ոստկանություն էինք կանչել, այսքանն էլ հազիվ ենք արել: Տվյալ տեղամասի գրանցամատյանը թերություններով էր լրացված, քարտուղարի ստորագրությունը մի տեղ բացակայում էր և ԸԸՀ-ի անդամների մոտ քարտուղարը ստորագրեց բաց թողած տեղում, անհամապատասխանությւոններ կային գրանցամատյանի թվերի մեջ:

 6/33 տեղամասի կնիքը փաթեթավորված չէր: Դիտորդություն իրականացրած կազմակերպությունների անունները չկային, տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության մեջ կնիքը սխալ տեղում էր:

6/12 տեղամասի արձանագրության մեջ հանձնաժողովի անդամներից մեկի ստորագրությունը չկար, փոխարենը ստորագրեց տվյալ տեղամասի քարտուղարը:

6/16 տեղամասի արդյունքները բերեցին ժամը 03.40-ին, այն դեպքում երբ բոլոր տեղամասերն արդեն ավելի քան մեկ ժամ առաջ էին ներկայացրել իրենց արդյունքները: Տվյալ տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկի կողմից կար հատուկ կարծիք /’’Ժառանգություն’’ կուսակցության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամի կողմից/ , հանձնաժողովի նախագահը պատճառաբանեց, որ գրանցամատյանում դրա համար համապատասխան տեղ չկար, դրա համար էլ գրանցամատյանում չեն արձանագրել, ԸԸՀ-ի անդամները ցույց տվեցին գրանցամատյանի համապատասխան էջը և քարտուղարը նշում կատարեց, որ կա հատուկ կարծիք: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը թերի էր լրացված, ԸԸՀ-ի անդամների ցուցումով և ներկայությամբ քարտուղարը գրառումներ էր կատարում արձանագրության մեջ: Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ իրենց տեղամասում միջադեպ էր տեղի ունեցել, իրենք ընտրություններին մասնակցած անձանց թիվը ցուցակով հաշվում էին, մեկ էլ տեսան, որ 200 քվեարկած քվեաթերթիկ չկա, հետո նորից հայտնաբերել էին սեղանին դրված: Տվյալ հանձնաժողովի նախագահը և ԸԸՀ-ի անդամները փորձում էին ցածր խոսել և քննարկել իրավիճակը, որպեսզի այլ անձինք չլսեն: Խոսակցություններից կարելի էր եզրակացնել, որ տվյալ տեղամասում քվեաթերթիկների անճշտություններ կային: Հանձնաժողովի նախագահը ասում էր, որ մի դիտորդ շատ ակտիվ էր, անհանգտություն էր հայտնում, որ նա անընդհատ նկարում էր: Հետո ասեց, որ տվյալ դիտորդը անհետացավ և իրեն մեկ ուրիշ դիտորդ էր փոխարինում, սակայն նա դժգոհեց, որ դիտորդը գնալուց չի ասել և չի գրանցվել: Նա նույնիսկ կարծիք հայտնեց, որ կարող է դիտորդն է դա արել, ինչ իմանամ /այն տպավորությունն  էր, որ տվյալ հանձնաժողովի նախագահը փորձում էր պատասխանատվությունը իր վրայից գցել ուրիշի վրա/: Տվյալ հանձնժողովի նախագահը նշեց այդ դիտորդի կազմակերպության անունը, ասեց Հելսինկյանի դիտորդն էր, սակայն ԸԸՀ-ի անդամներից մեկը հայացքով ցույց տվեց ԸԸՀ-ում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի վրա՝ հասկացնելով, որ ‘’ավել’’ բան չխոսի: ԸԸՀ-ի հանձնաժողովի անդամներն ասում էին, որ դուք էլ պետք է բոլորդ գրեիք հատուկ կարծիք հայտնած հանձնաժողովի գրածների դեմ ու բոլորովդ ստորագրեիք, թե չէ դուրս կգա, որ ինքը ճիշտ է: Տվյալ ԸԸՀ-ի անդամը խորհորդ տվեց, որ վաղը առավոտը տվյալ հանձնաժողովի անդամները շուտ հավաքվեն և հատուկ կարծիք գրեն, ստորագրեն և առավոտ շուտ բերեն հանձնեն իրենց:  Պետք է նշել, որ այդ պահին այլ հատուկ կարծիք չկար, եթե հետագայում հայտնվի այլ հատուկ կարծիք հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված, ապա դա նշանակում է, որ դա արվել է ավելի ուշ` ԸԸՀ-ի անդամների հանձնարարությամբ և ուղղորդումով: 

Այս խորագրի վերջին նյութերը