Լրահոս

27.02.2013 09:29


Ադրբեջանը Թուրքիայի մեղադրում է նախագահին Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար

Ադրբեջանը Թուրքիայի մեղադրում է նախագահին  Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար

Մինչ Հայաստանը փորձում է հաղթահարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հետևանքները  և պատշաճ լուծում գտնել ավելի աշխուժացած ընդդիմության հետ, հարևան Ադրբեջանն ու Թուրքիան խճճվել են հայկական ընտրությունների շուրջը փոխադարձ մեղադրանքների մեջ:

Մեկ տարի առաջ, «Ո՞վ է իշխում Թուրքիայում՝ Էրդողանը, թե՞ Ալիևը» վերնագրով իմ խմբագրականում զարմանքս էի արտահայտել, որ Թուրքիան թույլ է տալիս Ադրբեջանին շարունակաբար խառնվել իր ինքնիշխան քաղաքականությանը, ինչպես Հայ-թուրքական արձանագրությունների դեպքում: Այժմ երկու թարմ օրինակներ կան թուրքական որոշումների կայացման գործում Ադրբեջանի անթույլատրելի միջամտության մասին:

«Թուրքական ավիաուղիները» հազիվ էր հայտարարել, որ «Ակոս» երկլեզու՝ հայերեն և թուրքերեն շաբաթաթերթը կտրամադրի իր միջազգային չվերթներից օգտվող ուղևորներին, երբ ադրբեջանցի պրոֆեսոր և քաղաքական մեկնաբան Ֆիքրեթ Սադիխովը բողոքեց դրա տարածման դեմ՝ այն անվանելով «բացարձակ անհեթեթ և անպատասխանատու քայլ»:

Սադիխովը նաև բողոքեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ: «Նման քայլերը կարող են մեծ ցավ պատճառել թե Թուրքիային, թե Ադրբեջանին», ասել էր Սադիխովը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը: Պրոֆ. Սադիխովի բողոքը մաս է կազմում ադրբեջանցի ղեկավարների կազմակերպած այն մեծ արշավի, որով նրանք մեղադրում են Թուրքիային՝ Արցախի հարցում տարածքային զիջումներ կատարելու համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու իրենց ջանքերը խափանելու մեջ:

 Ահա ադրբեջանցի ղեկավար պաշտոնատարների կողմից նախագահ Գյուլին ուղղված որոշ առարկությունները.

- «Թուրքիան պետք է պարզաբանի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու հարցը», հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Նովրուզ Մամեդովը:

- «Դա մեզ ցավ է պատճառում…. Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հայաստանին արված քաղաքավարության բոլոր նշանները նրա կողմից օգտագործվում են այլ նպատակներով», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը:

- «Դա մեզ համար անսպասելի էր…. Ցավալի է, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիայի նախագահը հապշտապ շնորհավորել է Սարգսյանին, որն ընտրվել է խախտումների հետևանքով», հայտարարել է Խորհրդարանի պատգամավոր և  «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Ղուրբանլին:

- «Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի շնորհավորական ուղերձ հղելը նախքան արդյունքների պաշտոնական հրապարակումը սխալ քայլ է: Սա Թուրքիայի՝ «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության շարունակությունն է: Սակայն, ըստ էության, այդ քաղաքականությունը ձախողվել է: Այդ քաղաքականության պատճառով Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի պետությունների մեծ մասի հետ լարված են: Բացի այդ, Թուրքիայի նախագահի շնորհավորանքը Սարգսյանին հակասում է Ադրբեջանի շահերին: Այն դեպքում, երբ միջազգային հանրությունը կարծիք է հայտնում, որ Հայաստանում գոյություն ունի ոչ լեգիտիմ իշխանություն, թուրքական կառավարությունը Հայաստանի ղեկավարության լեգիտիմությունն է հաստատում: Դա սխալ է և ցավալի», հայտարարել է Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գործադիր վարչության անդամ Արիֆ Հաջիլին:

- «Եթե որևէ մեկը կարծում է, որ այս քայլերի շնորհիվ Հայաստանը կամ հայերը հրաժարվելու են այսպես կոչված ցեղասպանությունից և տարածքային պահանջներից, ապա սխալվում են», հայտարարել է «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը:

- «Նախագահ Գյուլի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին հապճեպ որոշում էր», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր և Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Նիզամի Ջաֆարովը:

- «Թուրքիան իր այս քայլով չի արժանանա միջազգային հանրության դրական գնահատականին: Դրանում Թուրքիան կարող է վստահ լինել: Սերժ Սարգսյանին շնորհավորելը հապճեպ քայլ էր: Այն չի բխում ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի ազգային շահերից», հայտարարել է Խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին:

- «Սերժ Սարգսյանը Թուրքիայի թշնամին է: Նա Թուրքիային մեղադրում է այսպես կոչված Հայոց ցեղասպանության համար և տարածքային պահանջներ ներկայացնում: Անհասկանալի է, թե ինչու է Աբդուլա Գյուլն առաջիններից մեկը շնորհավորել Սարգսյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Սա անընդունելի է», հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

Թուրքիայի արտգործնախարարությունը, Թուրքիայի որոշումներում Ադրբեջանի անտեղի միջամտությունը սանձելու փոխարեն, երկչոտաբար պարզաբանել է, որ նախագահ Գյուլի շնորհավորական ուղերձը նախագահ Սարգսյանին եղել է «դիվանագիտական քաղաքավարության և բարի կամքի դրսևորում»: Գյուլը Սերժ Սարգսյանին շնորհավորել էր նաև 2008 թվականի նախագահի առաջին ընտրությունների ժամանակ:

Դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք ամենազոր թուրքական կառավարությանը, որն իր քաղաքական, տնտեսական և ռազմական ազդեցությունն է տարածում ամենուրեք, հանդուրժելու Ադրբեջանի հաճախակի միջամտությանը Թուրքիայի քաղաքականության մեջ: Ե՞րբ պետք է Անկարան համարձակվի Բաքվին ասել, որ նա զբաղվի իր գործով և պարզաբանի, որ Թուրքիան իր ազգային շահերը չի ստորադասի Ադրբեջանի եսակենտրոն ցանկություններին:

 Հայաստանի բախտը բերել է, որ մինչ նա քննարկում է նախագահական ընտրությունների հետևանքների հարցը, նրա թշնամի հարևաններ Ադրբեջանն ու Թուրքիան զբաղված են միմյանց մեղադրելով:

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը