Հարցազրույց

26.02.2013 21:39


Լենա Նազարյան

Լենա Նազարյան

Հարցազրույց Ժամանակակից արվեստի ինստիտուտի դասադուլ հայտարարած ուսանող Լենա Նազարյանի հետ

Այս օրերին բազմաթիվ ուսանողներ դասադուլ են սկսել՝ պահանջելով անվավեր ճանաչել փետրվարի 18–ի նախագահական ընտրությունները։ Արդյոք դասադուլը պայքարի արդյունավե՞տ միջոց է։

–Այո, արդյունավետ է և աշխարհում ընդունված այն միջոցներից մեկն է, որով գիտակից քաղաքացիները, դասերը բոյկոտելու քաղաքացիական անհնազանդության միջոցով, իրենց բողքն են արտահայտում երկրում տեղի ունեցող անարդարության վերաբերյալ: 1968թ. Ֆրանսիայում համալսարանականները դասադուլների միջոցով ազատագրեցին կրթական համակարգը` ստիպելով երկրի ղեկավարությանը վերացնել այն բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ուսանողի ազատությունը ու ինքնուրույնությունը: Ֆրանսիայում ստեղծված դասադուլների ալիքի պատճառը կեղծված ընտրությունները չէին, այլ կրթության նախարարի մի որոշում, որով ուսանողների համար ստեղծվում էր լրացուցիչ բարդություն մագիստարական կրթությունը շարունակելու համար: Սա բավարար հիմք եղավ, որպեսզի ուսանողներն ընդվզեն: Հետո նրանց բողոքների շրջանակը ընդլայնվեց, և նրանք սկսեցին խոսել առհասարակ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների մասին, սկսեցին քննադատել սպառողականության մոլուցքը, դատապարտել մարդկանց շահագործումը, հակապատերազմական կոչեր անել, չհնազանդվել, երբ ճնշում ու վախեցնում են: Նրանց կարգախոսներից էր. «Եղիր իրատես` պահանջիր անհնարը»:

Հիմա մեր ուսանողները ճիշտ կարգախոսներ ունե՞ն։

–Շատ կարևոր է, որ հիմա մեր ուսանողները սկսեն ձևակերպել ճիշտ կարգախոսներ ու ճիշտ պահանջներ: Ոչ մի դեպքում չի կարելի սահամանփակվել այն կարգախոսներով, որոնք հիմա շրջանառվում են նրանց մոտ, մի քանիսից նույնիսկ պետք է հնարավորինս շուտ ազատվել ու այլևս երբեք չվանկարկել: Սա շատ լավ հնարավորություն է ազատագրել հասարակության մի շերտ ու ստեղծել նոր իրականություն, նոր կարգախոսներ: Օրինակ`  «Հեռուստատեսությամբ հեղափոխությունը չեն հեռարձակելու»,  «Ուսանողների ինքնակառավարում»,  «Իրավունքը չեն նվիրում, այլ նվաճում են», «Ինքնաբուխ ընդվզում ավտորիտարիզմի դեմ», «Գիտակցված իրավունքը ուժ է», «Մի հավատա ուսխորհուրդներին, հավատա ինքդ քեզ», հատկապես աղջիկներին` «Հնազանդ չենք, տեր ենք», «Ազատություն երևակայությանը», «Անհնազանդություն, երբ ճնշում են, վախեցնում են, կեղծում են», «առողջ կյանք, ազատ սեր» և այլն: Առաջարկում եմ նրանց ուսումնասիրել այդ թվականի իրադարձությունները, վստահ եմ՝ շատ բան հիմա կսովորեն:

Դասադուլի մասնակից ուսանողներին ինչպե՞ս են վերաբերվում ուսխորհուրդները, որոնք, ինչպես հայտնի է, հիմնականում ՀՀԿական անդամներից են բաղկացած։ Եվ ընդհանրապես, բուհերի ղեկավարության կողմից ճնշումներ, սպառնալիքներ կա՞ն դասադուլ հայտարարած ուսանողների հանդեպ։

–ՀՀԿ-ական ուսխորհուրդները գաղափարապես նույնքան սնանկ են, որքան իրենց հովանավորող ՀՀԿ կուսակցությունը: Իրանց պետք չէ վերաբերվել, իրենց պետք է անտեսել: Շատ կարևոր է հասկանալ, որ ուսանողները ոչ մի օրենք չեն խախտում: Թող ամեն տեղ կրկնեն, որ կարծիքի արտահայտման իրավաչափ և սահմանադրորեն երաշխավորված դրսևորման ձևերից է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելը, զանգվածային միջոցառումներ կազմակերպելը, այդ թվում` դասադուլը, որպես սովորողների կարծիքի հանրայնացման միջոց: ՀՀ Սահմանադրությունն ամրագրել և երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում յուրաքանչյուրի` խոսքի ազատության և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը: Ինչպես նաև յուրաքանչյուր ոք ազատ է երկրում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ ունենալու սեփական կարծիք, և արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները գերակա են և չեն կարող սահմանափակվել  ներպետական գերատեսչական ակտերով (ԲՈՒՀ-ի ներքին կարգապահական կանոններով): Դասադուլին մասնակցելու հիմքով ուսանողի նկատմամբ կարգապահական վարույթ  հարուցելու, ընդհուպ մինչ ԲՈՒՀ-ից  հեռացնման, դեպքերում խնդրում եմ, որ ուսանողները բարձրաձայնեն դրա մասին: Հանրայնացնեն ցանկացած ճնշում, որ գործադրվում է նրանց նկատմամբ: Նրանց կօգնեն մասնագետ իրավաբանները:

Ոմանք փորձում են դասադուլը ներկայացնել որպես ուսանողների կողմից չգիտակցված քայլ՝ պարզապես դասերի փախչել։ Իրականում որքանո՞վ է սա գիտակցված պայքար և ի՞նչ չափերի այն կարող է հասնել ու հետևանքների հանգեցնել։

–Չեմ կարող վստահաբար ասել, որ բոլոր ուսանողները հստակ գիտացում են, թե ինչ է կատարվել ու կատարվում, բայց դասադուլը նաև շատ ինտենսիվ կրթական գործընթաց է, որտեղ ուսանողները ստեղծագործելու են, ձևակերպելու են այն իրականությունը, որտեղ ուզում են ապրել, մտածելու են կարգախոսներ, պահանջներ են ներկայացնելու, սովորելու են ճիշտ շփվել կրթական հաստատությունների ղեկավարների ու ոստիկանների հետ: Մի բան հստակ կարելի է փաստել՝ Հայաստանում կրթական պրոցեսները հաճախ կապակցված չեն հասարակական զարգացումների հետ, ինչը կարող է ուսանողի համար անհետաքրքիր դաձնել ուսումը. եթե այդքան մարդ դուրս է եկել որևէ առիթով իր բողոքն արտահայտելու, ուրեմն կուտակված հսկայական դժգոհություն կա: Այստեղ ինձ համար ամենակարևորը ոչ այնքան իրենց վերջնական նպատակի իրականացումն է, որքան նոր բառապաշարով` նոր իրականության ստեղծումը: Այս պահին դեռ շատ պատրաստ չեն, բայց հիմա պետք է արագ բացեն օրենքները, ծանոթանան իրենց իրավունքներին, կարդան պատմություն, խաղաղ, առանց բռնության ու սադրանքներին տրվելու կազմակերպեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, չընկճվեն ու հավատան: Ես օրինակ կուզեի, որ նրանք արդեն սկսեն ձևակերպել կրթական համակարգում առկա խնդիրները, ես շատ եմ ուզում իմանալ՝ ինչ խնդիրներ կան այնտեղ, թող առաջարկեն իրենց լուծումները ու պնդեն, որ դրանք իրականան: Եթե անգամ նրանց հաջողվի տեղեր նվաճել ուսխորհուրդներում կամ առհասարակ ազատվեն այդ կառույցներից, ապա դա ես կհամարեմ ևս մեկ հաղթանակ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը       

Այս խորագրի վերջին նյութերը