Լրահոս

26.02.2013 21:21


Արտավազդ Եղոյանը ՀՀԿ–ական պատգամավորուհուն «փաստի առջև» է կանգնեցրել

Արտավազդ Եղոյանը ՀՀԿ–ական պատգամավորուհուն «փաստի առջև» է կանգնեցրել

ՀՀԿ երիտասարդ պատգամավորուհի Նաիրա Կարապետյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշել է, թե հետընտրական զարգացումները երկրում որևէ զարմանքի տեղիք չեն տալիս, քանի որ մարդկանց հատուկ է սեփական կարծիքի գերագնահատումը և այն որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելը:

–Դա հատուկ է ընդհանրապես մարդ արարածին՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից և բնակության վայրից: Իսկ իրականության և ճշմարտության երաշխիք են հանդիսանում փաստերը, փաստերը և միայն փաստերը,–ասել է նա և մի շարք հայափաստեր բերել:

–Եկեք սթափվենք և վերադառնանք իրավական հարթություն, որտեղ իշխում են փաստերը, փաստերը և միայն փաստերը: Փաստերով խոսենք, փաստերով առաջնորդվենք, փաստերով հիմնավորենք մեր ասելիքները: Հիշենք Բուլգակովի բնորոշումը՝ «Փաստը խոսուն իրողություն է»,–ավելացրել է  նա:

ՀՀԿ–ական պատգամավորի այս հայտարարությանն արձագանքել է դերասան և ռեժիսոր Արտավազդ Եղոյանը՝ գրելով.

«Փա՞ստ եք ուզում, խնդրեմ` 62 տարեկան եմ, արդեն 8 տարի է անգործ եմ: Փա՞ստ եք ուզում, խնդրեմ` 3 զավակ ունեմ, բոլորն էլ աշխատանք չունեն: Եթե գտնում էլ են, ժամանակավոր, այն էլ առանց աշխատանքային գրքույկի... Փա՞ստ եք ուզում, խնդրեմ` դիաբետով հիվանդ եմ, պետպատվերով դեղեր չեմ ստանում: Փա՞ստ եք ուզում, խնդրեմ`բուժման համար որտեղ դիմում ես, ահռելի գումարներ են դեմ տալիս: Փա՞ստ եք ուզում, խնդրեմ` ամբողջ օրը դուռս մուրացկաններ են թակում, հացի փող աղերսելով: Փա՞ստ եք ուզում, խնդրեմ` ընտրություններից հետո մեր ընտրատարածքում մոտ 300 հոգու հարցրեցի, միայն մեկն ասեց՝ Սերժին եմ ձայն տվել: Էլի՞ ասեմ, թե՞ բավական է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը