Լրահոս

26.02.2013 12:40


Գլենդելյան Համերաշխության երթը դատապարտում է ընտրակեղծիքը Հայաստանում

Գլենդելյան Համերաշխության երթը դատապարտում է ընտրակեղծիքը Հայաստանում
Համերաշխության երթ է տեղի ունեցել Գլենդելում, կիրակի, 2013թ. փետրվարի 24-ին, Հայաստանում պայքարող ժողովրդին սատարելու նպատակով: Երթի նպատակն էր Լոս Անջելեսի հայ համայնքներում 2013թ. Փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների կեղծման մասին իրազեկումը:
 
Մոտ հարյուր հայեր` մեծահասակ և մանուկ, ՀՀ դրոշներ և պաստառներ պարզած ութ փողոց կտրեցին Սբ. Մարիամ առաքելական եկեղեցուց մինչև Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքը` վանկարկելով «Հայաստան», «Հաղթանակ» և «Րաֆֆի նախագահ»: Հյուպատոսության շենքի առջև ընթերցվեց հետևյալ հայտարարությունը.
 
Հարավային Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախգահի ընտրությունները կեղծած անձանց և կատարել քվեների արդար վերահաշվարկ: Վերջին ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը: Կան մեծաքանակ փաստեր առ այն, որ 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի:
 
Մենք` ՀՀ քաղաքացիներս` Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ծնված-մեծացած, հայտարարում ենք, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, ոչ ոք չպետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես վերընտրված նախագահ: Մենք նաև պահանջում ենք վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը:
 
Համերաշխության երթի կազմակերպիչներից մեկը` իրավապաշտպան և www.TheTruthMustBeTold.com կայքի հիմնադիր Արա Խ. Մանուկյանն իր ելույթում ասաց, որ երթը տեղի կունենա ամեն կիրակի, մինչև չիրականան ներկայացված պահանջները կամ Սերժը չընդունի իր պարտությունը 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում: Սփյուռքի սատարումն ու համերաշխությունը շարունակական դարձնելու համար Մանուկյանը կոչ արեց մտահոգ քաղաքացիներին մասնակցել հաջորդ երթին, որը կսկսվի 2013թ. մարտի 3-ին, ժամը 12-ին Սբ. Մարիամ առաքելական եկեղեցու դիմաց և կավարտվի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի դիմաց:

Այս խորագրի վերջին նյութերը