Լրահոս

26.02.2013 09:49


Արցախյան շարժմանն ու սումգայիթյան ջարդերի հիշատակին նվիրված միջոցառում Վիեննայում

Արցախյան շարժմանն ու սումգայիթյան ջարդերի հիշատակին նվիրված միջոցառում Վիեննայում

Փետրվարի 24-ին Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, այդ օրերին Վիեննայում ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Խաչիկ Հարությունյանը:

Ելույթներով հանդես եկան Արման Կիրակոսյանը, Արտաշես Գեղամյանը, ավստրիացի գրող, թարգմանիչ, արցախյան շարժման ականատես Հերբերտ Մաուրերը, համայնքի վարչության անդամ Համբարձում Հարթունյանը, երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ ավստրիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց 1988-ի սումգայիթյան ջարդերին եւ  գերմանական ու ավստրիական մամուլում այդ իրադարձությունների արձագանքներին նվիրված լուսանկարչական եւ փաստագրական վավերագրերի ցուցահանդես: Երաժշտական մասի շրջանակներում հնչեցին Ավստրիայի եւ Հայաստանի պետական օրհներգները, կատարվեցին հայ երգահանների ստեղծագործությունները` դաշնամուրի եւ կլարինետի համար: Ցուցադրվեցին հատվածներ սումգայիթյան ջարդերին նվիրված ֆիլմաշարից:

Միջոցառման ավարտին ավստրիահայ կազմակերպությունների հարյուրի չափ ներկայացուցիչներ լռության երթով քայլեցին դեպի Վիեննայի կենտրոնական հրապարակ` Շտեֆանսպլաց, ուր բազմաթիվ պաստառներով, Հայաստանի եւ Արցախի դրոշներով, հայրենասիրական երգերի կատարմամբ բողոքի ցույց իրականացվեց եւ անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանվեցին սումգայիթյան ջարդերին նվիրված տեղեկատվական նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը