Լրահոս

25.02.2013 18:44


Րաֆֆի Հովհաննիսյան. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը սեղանին այլև՛ս չկա»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը սեղանին այլև՛ս չկա»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա ասուլիսին հայտարարել է, որ ինքն արդեն ընտրվել է նախագահ և չի պատրաստվում 2018թ. կրկին առաջադրվել։ Նա նշել է, որ 2018–ին իր լիազորությունները կփոխացի երիտասարդ թեկնածուի, գուցե մի կնոջ։

«7օր»–ի հարցին՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին որպես փոխզիջում առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սա նշանակո՞ւմ է, որ ինքը պատրաստակամ է ընդունել ԿԸՀ–ի կողմից հրապարակված 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքները, Ր. Հովհաննիսյանը պատասխանել է.

–Ո՛չ, երբե՛ք, բացառվո՛ւմ է։ Բացառվում է այդ արդյունքների հետ իմ համաձայնությունը։ Ես առաջարկել եմ, մերժվել է, հիմա օրակարգում ոչ մի բան չկա։ Կեղծված ընտրություն է և ԿԸՀ–ն, ինչպես նաև բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ր. Հովհաննիսյանն ավելացրել է, որ ինքը փորձել է համազգային ճգնաժամը կանխել և ոտքով գնացել է ու Սերժ Սարգսյանին ներկայացրել իր պահանջը՝ նոր ընտրություն կամ ժողովրդի հաղթանակի ճանաչում, ինչպես նաև ներկայացրել է նվազագույն շեմը՝ որպես լիցքաթափման եղանակ, պատժել ընտրակեղծարարներին՝ մարզպետներին, գյուղապետերին, քաղաքապետերին, և երկրորդ՝ դրանից հետո համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

–Այո՛, ես դա ասացի և դա չի հակասում այն իմ եզրակացությանը, որ սրանք կեղծված ընտրություններ են։ Միաժամանակ, ես ասում եմ, որ հստակ լինի բոլորին՝ նման առաջարկ այլև՛ս սեղանի վրա օրակարգում չկա,–ասել է Ր. Հովհաննիսյանը։

Նա ավելացրել է, որ այժմ պետք է նոր նախագահական ընտրություններ նշանակվեն և ազատ արդար ընտրություններ տեղի ունենան.

–Եթե դա չի լինելու, մնացած հարցերի պատասխանը ես միանձնյա չեմ տալու, ես հավակնում են հավաքական պատասխանատվության։ Սահմանադրական բոլոր եղանակները նշանակում են թե՛ հանրահավաք, թե՛ երթ, թե՛ գյուղ այցելություն, և թե՛ այլընտրանքային վսահություն վայելող իշխանություն։

Լրագրողների շատ այլ հարցերի Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատասխանել՝ խոստանալով դրանց անդրադառնալ ուրբաթ օրը հրավիրվելիք ասուլիսին։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ողջունել է ԲՀԿ–ի այսօրվա հայտարարությունը՝ ավելացնելով, որ ԲՀԿ–ն կարող է ավելի հստակեցնել այնտեղ արտահայտած դիրքորոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը