Քաղաքական

25.02.2013 17:12


Րաֆֆի Հովհաննիսյանը այլ մանրամասներ է ներկայացրել Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպումից

Րաֆֆի Հովհաննիսյանը այլ մանրամասներ է ներկայացրել Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպումից

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում նախ նշել է, որ մեկ–երկու ամիս առաջ հավատաց Հայաստանի քաղաքացուն և այսօր շատ հպարտ է, որ Հայաստանի քաղաքացին հավատում է իրեն, և կարևոր էլ չէ, թե ով առաջ չէր հավատում, ու հիմա սա արդեն համազգային շարժում է։

–Մեր ժողովուրդը խոսել է, և բոլորս միասին ենք այսօր, որովհետև գիտենք, որ հայ ժողովուրդը խոսել է։ Համաձայն եմ այն նկատառումի հետ, որ սա Րաֆֆիի հաղթանակը չէ, սա Րաֆֆիի և Սերժի մենամարտը չէ, սա հայ ազգի հաղթանակն է։ Ես պահանջում եմ, որ այս պայքարում իմ անունը չլինի, որ այս պայքարը պատկանում է բոլորիս,–ասել է նա։

Ապա բռունցքը խփելով սեղանին՝ հայտարարել է.

–Ամո՛թ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ–որ մի ձայնագրության հրապարակման նամյոկով, ակնարկով։ Ես պահանջում եմ հիմա՝ թող ամբողջությունը հրապարակեն։ Եթե հիմա, այն բանից հետո, որ պարոն Սարգսյանն ասում է՝ մենք մենակ ենք, երկուսով որոշենք, թե ինչպես ենք հանգուցալուծումը գտնում, ես հիմա պահանջում եմ, որ հրապարակեն։ Եթե պարոն Սարգսյանը սուտ խոսեց, որ մենք երկուսով ենք, մարդ չկա, և հիմա ինչ–որ մարդիկ սպառնում են հրապարակել, ես հիմա պահանջում եմ՝ հրապարակեք, «դավայծե»։

Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Սերժ Սարգսյանի հետ այդ զրույցից։

–Դուք շահեկանորեն տարբերվում եք շատ ու շատերից, և դրա համար ես շնորհակալ եմ, բայց դուք չեք հաղթել, դուք շամպայնը ժամանակից շուտ եք խմել։ Ո՛չ իր, ո՛չ իմ կողմից չկար պաշտոն ստանձնելու, կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկ։ Իր կողմից կար առաջարկ, որ դու պիտի 2017-18թթ. որպես ընդդիմության առաջնորդ շարունակես պայքարը։ Դավայ, Էդուարդ Շարմազանով, հրապարակի։ Ես չհամաձայնեցի։ Առաջարկեցի տարբերակներ, որ այս համազգային տագնապից դուրս գանք։ Առայժմ մերժեց։ Ասացի, որ հաղորդակցության իմ ուղիները բաց եմ պահում բոլորի՝ այդ թվում և նրա հետո, ով մինչև ապրիլի 9-ը շարունակելու է մնալ դե ֆակտո նախագահ,–պատմել է Ր. Հովհաննիսյանը։

Նա նաև ավելացրել է՝ եթե դուք ունեք նժդեհական գոնե մեկ հյուլե, ուրեմն բացեք Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, մարզպետների և մյուսների ձայնագրությունները՝ ընտրակեղծիքների վերաբերյալ, ուրեմն բացե՛ք դրանք։

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է, որ չհարապարկեն միայն այն նախադասությունը, որտեղ ինքը Սերժ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել մեդիաները բացելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը