Քաղաքական

25.02.2013 13:47


ԲՀԿ–ի հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ

ԲՀԿ–ի հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին:

Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ:

Հասարակության լայն զանգածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։ Յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևակերպած իր քաղաքական օրակարգը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաջ գիտակցում է ժողովրդի առջեւ ունեցած իր պատասխանատվությունը։

Բարգավաճ Հայաստանը եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաստատակամորեն կոչ է անում իշխանություններին՝ ցուցաբերել զսպվածություն: ԲՀԿ-ն զգուշացնում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների: Իսկ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում բոլոր գործողությունները անցկացնել օրենքի շրջանակներում:

Խորապես գիտակցելով կուտակված լրջագույն խնդիրների, երկրի առաջ ծառացած մարտահրավերների ողջ ծավալն ու բարդությունը՝ ԲՀԿ-ն կոչ է անում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ ձևավորելուն, դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր ողջ ռեսուրսները տրամադրել այս գործընթացի կազմակերպման եւ իրականացման համար:

ԲՀԿ-ն կոչ է անում իշխանություններին և ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ցուցաբերել խոհեմություն, փոխադարձ հանդուրժողականություն եւ վճռականություն` ժողովրդի և պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար:

ԲՀԿ քաղաքական խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը