Լրահոս

25.02.2013 12:24


Չարի վերջը՝ ԱԺ–ում. Հովիկ Աբրահամյանը կոչ է անում վերջ տալ զոռբայությանը և նստել սեղանի շուրջը. «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն դեմ չեն

Չարի վերջը՝ ԱԺ–ում. Հովիկ Աբրահամյանը կոչ է անում վերջ տալ զոռբայությանը և նստել սեղանի շուրջը. «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն դեմ չեն

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատագամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նարնջագույն ժապավենը կրծքին ամրացրած, նախ շնորհավորել է ժողովրդին և Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ, ապա ավելացրել.

–Շնորհավորում եմ մեզ, որ Բաղրամյան 26–ի ճաղավանդակներում կարողացանք մեկուսացնել չարին, բռնազավթիչներին, բայց մենք այնքան մեծահոգի ենք, որ այդ չարին ազատելու ենք այդ ճաղավանդակներից։ Կեցցե՛ Հայաստանը։

Այս արտահայտությանն ի պատասխան՝ դահլիճից ՀՀԿ–ականները հակադարձել են՝ Դեպի ապահով Հայաստան։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ երկրորդել է.

–Հայաստանը միշտ կեցցե, իսկ սերն էլ կփրկի աշխարհը։

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ իրենք օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու են, որ ժողովրդի քվեով դե ֆակտո ընտրված նախագահը՝ տրամաբանության շրջանակներում, դառնա դե յուրե նախագահ։

Նրանից հետո ձայնի իրավունք է խնդրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

–Հանրապետության նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը։ Գիտեմ մի՛ բան, որ չարի վերջը գալու է, քի՛չ չարություն արեք,–ասել է նա։

Շարմազանովը Գալուստ Սահակյանին էլ է երկրորդել.

–Ով ցանկություն ունի նախագահ դառնա, 18 թվականին թող փորձի։

Ի վերջո խոսել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով առաջարկել է խմբակցությունների ներկայացուցիչներով հավաքվել և քննարկել հետընտրական խնդիրները։

–ԱԺ–ն այն ամբիոնն է, որ նման հարցեր քննարկի և իրեն իսկ ընտրած ժողովրդին տա հարցերի պարզաբանում։ 1988 որևէ տեղամասում որևէ մի հանձնաժողովի անդամի ստորագրություն չի բացակայում արձանագրության վրա։ Եթե եղել են կեղծիքներ, ուրեմն դրան մասնակցել են բոլոր խմբակցությունները, ինչը ես կասկածում եմ։ Մենք հարգում ենք այն 539 հազ. քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, և խնդրում, որ դո՛ւք էլ հարգեք Սերժ Սարգսյանին ձայն տված 861 հազ. քաղաքացիներին։ Շատ եմ հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին, քարոզարշավի ընթացքում արևմտյան այն տեխնոլոգիաները, որ կիրառեց, արդյունավետ էին, բայց չեմ հասկանում, թե հետընտրական ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում։  Առաջարկում եմ զոռբայությանը վերջ տալ և կոնկրետ նստել սեղանի շուրջը, խոսել։ Բոլորս հասկանում ենք, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, դա ընդդիմության ձայներն են։ Համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր զարմացել են այդ ձայների քանակով։ Բոլորն են զարմացել, այդ թվում և Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է զարմացել, թե ոնց է այդքան ձայն ստացել,–հայտարարել է Հ. Աբրահամյանը։

Նա նաև ավելացրել է, որ ուղղակի սպասում են ԿԸՀ–ի կողմից քվերակության վերջնական արդյունքների հրապարակմանը, որից հետո պատրաստ են դեբատների և քննարկումների։

Ռուբեն Հակոբյանը միանգամից իր համաձայնությունն է հայտնել ԱԺ–ի նախագահի այդ առաջարկին.

–Պատրաստ ենք բաց քննարկել, և հենց ԱԺ–ում, որովհետև մեր պատերից դուրս քաղաքական այլ գործընթացներ են տեղի ունենում։

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ խոսել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը՝ ասելով.

–Ասում են երկրում ճգնաժամ է, բայց ճգնաժամը սահմանափակ մարդկանց ուղեղներում է, ովքեր մի կողմ են դնում ԿԸՀ–ի արդյունքները և իրենց ցանկությունները հայտնում։ Մեզ աշխատանքից մի շեղեք։

Խոսրով Հարությունյանն էլ «Ժառանգության» պահվածքը նմանեցրել է քաղաքական շառլատանության։

Ընտրությունների թեման եզրափակվել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, ով շտապելով դահլիճ՝ տեղեկացրել է, որ ՀՅԴ–ն էլ դեմ չէ ԱԺ նախագահի առաջարկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը