Լրահոս

22.02.2013 19:02


Արմեն Ռուստամյան. «Այս համախմբումը ժողովրդի իշխանության հաստատման անկասելի շարժում է»

Արմեն Ռուստամյան. «Այս համախմբումը ժողովրդի իշխանության հաստատման անկասելի շարժում է»

Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Հրապարակում հավաքված բազմությունը նրան դիմավորել է «Հայաստան», «Միացում» բացականչություններով։ Ռուստամյանը նախ Դաշնակցության անունից ողջունել է բոլորին և ընդգծել.

–Ձեր ներկայությունն այստեղ մեծ գործի սկիզբն է։ Դուք արել եք գլխավորը, դուք վախը հաղթահարել եք, ուրեմն դուք կարող եք անել անհնարինը, դուք կարող եք հասնել հաղթանակին։ Մենք այստեղ ենք, մենք եկել ենք այս հանրահավաքին, ինչպես որ հայտարարել էինք՝ ՀՅԴ–ն ձե՛ր կողքին է, ձե՛ր հետ է։

Ռուստամյանը նշել է, որ այն ժողովուրդը, որը փետրվարի 18–ին ապացուցեց, որ անհնար է իրեն կոտրել, որ այլևս չի հանդուրժում իր երկրում առկա այս խեղդող մթնոլորտը, այդ ժողովուրդն ընդզվեց իշխանության ինքնագոհ պահվածքի դեմ։

–Այս վիճակն անընդունելի է այլևս։ Փետրվարի 18–ին դուք ապացուցեցիք, որ ՀՀ քաղաքացին շատ ավելի լավ կյանքի և իշխանության է արժանի։ Ցավոք, այսօր իշխանության դեմքերը արհամարհում են ժողովրդին։ Այս համախմբումը ժողովրդի իշխանության հաստատման անկասելի շարժում է։ Սա դժվար, վճռական գործ է, սա միտք պահանջող գործ է, բայց եթե վճռական ենք, միասնական և պատրաստ պայքարի, հաղթանակը չի՛ ուշանա։ Մենք դրան օրինական, սահամանադրական ճանապարհով հասնելու կողմնակից ենք։ Մեր երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս շարժումը հանուն ՀՀ–ի յուրաքանչյուր քաղաքացու է, հանուն Արցախի։ Մենք մեր ներսում թշնամու չենք տեսնում, մենք ուզում ենք ազատ, արդար, ժողովրդավար Հայաստան և մենք հասնելո՛ւ ենք դրան,–հայտարարել է Ռուստամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը