Լրահոս

22.02.2013 17:42


ՍԴ-ն չվերականգնեց անապահով ուսանողների էլիտար ֆակուլտետներում սովորելու իրավունքը. Օմբուդսմեն

ՍԴ-ն չվերականգնեց անապահով ուսանողների էլիտար ֆակուլտետներում սովորելու իրավունքը. Օմբուդսմեն

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն ու հիմնավորումները, կայացրեց որոշում, որով վերահաստատեց քաղաքացիների մրցութային հիմունքներով անվճար կրթության ստանալու իրավունքի կարևորությունը, սակայն չվերացրեց տարիներ շարունակ խնդիր դարձած կրթական հաստատություններում անվճար տեղերի բացակայությունը։

 Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի ապրիլի 26-ին ընդունված 554-Ն որոշմամբ չեն նախատեսվում անվճար տեղեր որոշ կրթական հաստատություններում ըստ մասնագիտությունների, այդ թվում նաև՝ Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր:

Սահմանադրական դատարանի նիստի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, իրավական վերլուծության վարչության պետ՝ Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք գտնում են, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանդիսանալով պատասխանող կողմի` ՀՀ կառավարության ներկայացուցիչ, համոզմունք հայտնեց, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում, քանի որ պետության կողմից է որոշվում քաղաքականության հարցը: Միաժամանակ վերջինս նույնպես կարևորեց մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու իրավունքը և մասնավորապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների բարձագույն կրթություն ստանալու համար պետական աջակցության անհրաժեշտությունը:

 Նշյալ խնդրի վերաբերյալ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանը հայտնեց, որ կոնկրետ «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով սովորողները, նույնիսկ առաջադիմության բարձր ցուցանիշների պարագայում, զրկված են ռոտացիոն սկզբունքից օգտվելու` անվճար ուսումնառության համակարգ տեղափոխվելու իրավունքից:

Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հաստատեց յուրաքանչյուրի մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու իրավունքի կարևորությունը: Դատարանը նաև նշեց, որ ուսման վճարի փոխհատուցում  տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` անկախ ուսումնառության համակարգից:

Կարևորում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի 1373-Ն որոշումը, որով ուսման վճարի փոխհատուցում կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Այդուհանդեռձ, գտնում ենք, որ նման արտոնություններ պետք է ունենան նաև վերոնշյալ խմբերի այլ անդամները։ Ինչպես նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ «Ցավոք, Սահմանադրական դատարանը չվերականգնեց անապահով ուսանողների էլիտար ֆակուլտետներում սովորելու իրավունքը»։

 Միաժամանակ հուսով ենք, որ Դատարանի նշված որոշումը կխթանի Հայաստանի Հանրապետությունում կրթական հաստատություններում բոլոր քաղաքացիների համար մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու հնարավորությանը:

 Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը