Լրահոս

22.02.2013 22:44


«Ճապոնիա-Սեւծովյան տարածաշրջան երկխոսություն» վերտառությամբ ֆորում Տոկիոյում

«Ճապոնիա-Սեւծովյան տարածաշրջան երկխոսություն» վերտառությամբ ֆորում Տոկիոյում

Փետրվարի 20-21-ը Տոկիոյում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) շրջանակում կայացավ “Japan-Black Sea Area Dialogue” վերտառությամբ 4-րդ ֆորումը, որին մասնակցեց եւ ելույթ ունեցավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:

Ֆորումի նպատակը Ճապոնիայի եւ Սեւծովյան տարածաշրջանի համագործակցության զարգացման հեռանկարների քննարկումն էր, որում ընդգրկված էին Ճապոնիայի խորհրդարանի եւ կառավարության պաշտոնյաներ, ՍԾՏՀ կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, արտգործնախարարություններից ոլորտը համակարգող պաշտոնյաներ, ճապոնացի գործարարներ եւ փորձագետներ:

Իր ելույթում դեսպան Պողոսյանը, մասնավորապես նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել Ճապոնիայի հետ ՍԾՏՀ կազմակերպության շրջանակներում եւ խրախուսում է բնապահպանության, տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներում ծրագրերի իրականացման ճապոնական կողմի առաջարկը: Դեսպանն ընդգծեց նաեւ, որ այդ ոլորտներում Հայաստանն արդեն իսկ Ճապոնիայի հետ գործակցության առաջարկներ եւ նախագծեր ունի:

Ֆորումի մասնակիցներն արձանագրեցին, որ ելույթներն ու քննարկումները զգալիորեն նպաստեցին Ճապոնիա-ՍԾՏՀ կազմակերպություն համագործակցության ակտիվացմանը, ներկայացված առաջարկների առարկայացմանն ու հետագա քայլերի հստակեցմանը: Վերահաստատվեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը միտված է տնտեսական համագործակցության խթանմանը, եւ հարկ է զերծ մնալ ՍԾՏՀ հարթակում քաղաքական խնդիրներ արծարծելուց ու համատեղ արդյունավետ աշխատանքով ձգտել տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը:

Այս խորագրի վերջին նյութերը