Քաղաքական

22.02.2013 11:48


Արմեն Մարտիրոսյանը ջուր է խմել «Դեպի ապահով Հայաստան» բաժակով և խոսել խորհրդարանական նոր ընտրությունների մասին

Արմեն Մարտիրոսյանը ջուր է խմել «Դեպի ապահով Հայաստան» բաժակով և խոսել խորհրդարանական նոր ընտրությունների մասին

Րաֆֆի Հովհաննիսյանն իր մերձավոր թիմակիցներին էլ չի ասել, թե երեկ ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանի հետ։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենց էլ Րաֆֆին ասել է՝ այսօրվա հանրահավաքի ժամանակ կներկայացնի այդ հանդիպման մանրամասները:

–Համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է իր քայլերը ժողովրդի տված քվեի համաձայն՝ հանուն ՀՀ–ի: Հուսով եմ, որ այնուամենայնիվ, երկու քաղաքական առաջնորդներն իսկապես այնպիսի քայլեր կիրականացնեն, որը հեռու կպահի տարանջատման պրոցեսներից,-ասել է Ա. Մարտիրոսյանը։

Այնուհետև նա շարունակել է.

–Եթե մենք ինքնանպատակ կոալիցիա մտնենք ՀՀԿ-ի հետ, ապա դա քաղաքական ինքնասպանություն է, քանի որ այսօրվա մեծամասնության հետ հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել:

Նա նաև նշել է, որ այսօրվա հանրահավաքում կնեկայացվեն երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ–ի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները ևս։

Մարտիրոսյանն ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ լինելու պարագայում այս խորհրդարանը կինքնալուծարվի.

Նոր խորհրդարանական ընտրություններից հետո կլինի նոր կոալիցիա՝ ժողովրդի կողմից վստահված, և կոալիցիան կղեկավարի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ վարչապետը բնականաբար ուրիշը կլինի:

Ասուլիսի ժամանակ լրագրողները Մարտիրոսյանի ուշադրությունն են հրավիրել, որ այժմ նա ջուր է խմում սեղանին դրված «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով բաժակով։ Բայց Մարտիրոսյանը դրանում ոչ մի խնդիր չի տեսել՝ ասելով.

–Այս ապահով Հայաստանը կարող ենք իրականացնել միայն ազատ, արդար աշխատանքի արդյունքում և միասնականության շրջանակում։ Եթե կարծում եք՝ տապոռը վերցնելու ենք, ընկնենք Հանրապետական կուսակցության հետևից, սխալվում եք։

Ի դեպ, թեև քաղաքապետարանը չի արտոնել փետրվարի 23–ի, 24–ի և 25–ի հանրահավաքները, բայց Մարտիրոսյանն ասել է, որ դրանք, այդուամենայնիվ, տեղի են ունենալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը