Լրահոս

22.02.2013 12:03


Ռազմական խորհրդի նիստ Արցախի ՊԲ–ում

Ռազմական խորհրդի նիստ Արցախի ՊԲ–ում

Փետրվարի 21-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների ու զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված ՊԲ-ում իրականացվող կադրային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկմանը: Նիստը վարում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

            Նախքան օրակարգային հարցերին անցնելը, բանակի հրամանատարը ընդունված կարգով անդրադարձավ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների ընթացիկ վիճակին, որից հետո ներկայացրեց օրվա նիստի աշխատակարգը:

            Ներածական խոսքին հաջորդեց ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի զեկույցը: Բանակի փոխհրամանատարի կողմից ներկայացված վերլուծականում մանրակրկիտ անդրադարձ կատարվեց Արցախի զինված ուժերում իրականացված կադրերի ընտրության, ուսուցման, համալրման, պլանային փոխարինման վիճակին և տվյալ ոլորտի կատարելագործմանն ուղղված գործընթացներին: Բանակի հրամանատարի 1-ին տեղակալը նշեց, որ քննարկվող ժամանակահատվածում նկատելի դրական տեղաշարժ է արձանագրվել սպայական կադրերի ընտրության, պատրաստման և տեղաբաշխման ուղղությամբ, բարելավվել են սպայական կազմի և ենթասպաների որակական ցուցանիշները, անձնակազմի հաշվառման վիճակը, պաշտոնների համալրվածությունն ու հաստիքապաշտոնային կարգապահությունը:

            Այնուհետև քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների հանդես եկան նաև բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր, միավորման և զորամասի հրամանատարներ: Ելույթ ունեցողներն անդրադարձան բանակի կադրային աշխատանքներում առկա հիմնախնդիրներին, համալրման ուղղությամբ իրականացվող գործընթացներին, նորանշանակ սպաների հետ տարվող աշխատանքների ու զինծառայողների սոցիալական ոլորտին վերաբերող հարցերին:

        Ռազմական խորհրդի նիստն ամփոփեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մ. Հակոբյանը: Կարևորելով կադրային ճիշտ քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը բանակի մարտունակության բարձրացման գործում՝ բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես այն գործընթացների վրա, որոնք նպատակաուղղված են հրամանատարական կազմի ճիշտ ընտրությանը, նրանց մասնագիտական որակների բարձրացմանը և, որ շատ կարևոր է՝ պաշտոնների պլանային փոխարինման համակարգվածության ապահովմանը: Ելնելով այս և մյուս գործընթացների նպատակային իրականացման անհրաժեշտությունից, բանակի հրամանատարը տվեց մի շարք կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ:

  ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը