Քաղաքական

22.02.2013 10:55


Րաֆֆին խոստացավ ապացուցել, բայց չապացուցեց (տեսանյութ)

Րաֆֆին խոստացավ ապացուցել, բայց չապացուցեց (տեսանյութ)

Երեկ «7օր»–ը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին մի բան է ասում, Սերժ Սարգսյանին՝ մեկ այլ բան։ Ինչպես գրել էինք, մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ մտնելը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի արարողակարգայինի ղեկավարից հետաքրքրվել է՝ այդ հանդիպմանը լրագրող և օպերատոր լինելո՞ւ է, և եթե այո՛, ապա ինքը ցանկանում է մեկ լրագրող և օպերատոր էլ իր հետ տանել։ Իսկ երբ «7օր»–ի թղթակիցն առաջարկել է նախագահին փոխանցել լրագրողների պահանջ–ցանկությունը այդ հանդիպումն ընդհանրապես բոլորի համար բաց անցկացնելու մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե անձամբ ինքը կողմ է բա՛ց հանդիպմանը։

Սակայն երբ արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է նախագահական, և Սերժ Սարգսյանը նրան հարցրել է՝ լրագողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է.

–Չէ՛, ինձ թվում է՝ պետք չէ։

Սրանից հետո դեպքերը հետաքրքիր զարգացում ունեցան։ Ի պաշտպանություն Րաֆֆիի՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես եկավ մեկնաբանությամբ, թե այդ հանդիպման լուսաբանման ձևաչափը հանդիպումից առաջ քննարկվել է, և պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում:

«Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում, և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Արզումանյանը:

Նրան երկրորդեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Քիչ հետո բոլորին հասանելի կլինի այն տեսանյութը, որտեղ պարզ բոլորը կտեսնեն, թե ինչ են խոսացել Րաֆֆին ու Սերժը»։

Մոտ մեկ ժամ անց նույն էջում տեղադրվեց խոստացված տեսանյութը՝ հետյալ մեկնաբանությամբ.

«Ներկայացնում ենք մեր տրամադրության տակ գտնվող կադրերը: Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե՛ հանդիպումից առաջ և թե՛ հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան, թե «հիմա լրագրողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք», Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է բառացիորեն հետևյալը` «Չէ, ինձ մի ասեք։ Եթե դուք դրա կողմնակիցը չեք, պետք չէ, սակայն ես նախընտրում եմ հրապարակային տարբերակը»»։

Ստորև ներկայացնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի էջում տեղադրված այդ տեսանյութը, որտեղ սակայն, նրա «Չէ, ինձ մի ասեք։ Եթե դուք դրա կողմնակիցը չեք, պետք չէ, սակայն ես նախընտրում եմ հրապարակային տարբերակը» չկա՛։ Հետևաբար մնում է միայն հավատալ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքին, թե ինքն իրականում Սերժ Սարգսյանի մոտ իրոք կողմ է արտահայտվել հրապարակային քննարկմանը։

Ներկայացնում ենք երեկ կատարած մեր նկարահանումը և նախագահականի տարածած տեսանյութերը ևս։

Այս խորագրի վերջին նյութերը