Լրահոս

24.06.2009 19:40


Նախագահ Սարգսյանը Միխեիլ Սաակաշվիլիին պարգևատրել է Պատվո շքանշանով

Նախագահ Սարգսյանը Միխեիլ Սաակաշվիլիին պարգևատրել է Պատվո շքանշանով

 

 

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլու առանձնազրույցը:
Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ Նախագահների մասնակցությամբ:
Նշելով, որ աշխարհում շատ չեն ժողովուրդները, ովքեր կարող են հպարտանալ այնպիսի երկարատև ու բարիդրացիական հարաբերություններով, ինչպիսին հայ և վրաց ժողովուրդների միջև է, Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք պարտավոր ենք բազմապատկել այն, ինչ մենք ժառանգել ենք մեր նախնիներից»:
Նախագահներ Սարգսյանը և Սաակաշվիլին նշել են, որ հաճախակի հանդիպումներն ու բանակցություններն օգնում են արագ հստակեցնելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և դրանց լուծման ուղիները:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներին, երկկողմ հաղորդակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, նաև կրթամշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսվել է նաև հայ-վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հայ և վրաց ժողովուրդների միջև կապերը ակտիվացնելու համար կարևորել է տարբեր բնագավառներում համատեղ միջոցառումներ կազմակերպելու և դրանք ավանդական դաձնելու անհրաժեշտությունը: Նա, մասնավորապես, որպես օրինակ առաջարկել է տարբեր առարկաների գծով դպրոցական ամենամյա օլիմպիադաների, նաև սպորտային մրցությունների անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին դպրոցական օլիմպիադան անցկացնել այս տարվա աշնանը:
Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը Միխեիլ Սաակաշվիլիին պարգևատրել է Պատվո շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է և, որին Վրաստանի Նախագահն արժանացել է ՀՀ նախագահի հունիսի 24-ի հրամանագրով՝ հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար:

Այս խորագրի վերջին նյութերը