Լրահոս

21.02.2013 13:16


Միջոցառում՝ նվիրված 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշմանը

Միջոցառում՝ նվիրված 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշմանը

Փետրվարի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված 1988թ. ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշման 25-ամյակին, որի համաձայն ԼՂԻՄ մարզխորհուրդը վճռեց դիմել Ադրբեջանի ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը  Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշել է, որ 1988-ի իրադարձություններն ազդարարել են հայոց պետականության զարթոնքի սկիզբը: «Փետրվարի 20-ը փառավոր օր է հայոց նորագույն պատմության մեջ, քանի որ 1988թ. ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշումը սկիզբ դրեց բացառիկ, նախատիպը չունեցող այն իրավական գործընթացին, որը տարիներ անց ողջ հայության անձնվերության, հայ մարտիկների ոգու տոկունության եւ հերոսական հաղթանակների արձանագրման ճանապարհով պետք է պսակվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմամբ», - ընդգծել է Օլեգ Եսայանը: Օլեգ Եսայանը հավելել է նաեւ, որ ադրբեջանական իշխանություններն ամենադաժան եւ վայրագ միջոցներով պատասխանեցին հայության արդարացի պահանջին՝ իրագործելով սարսափելի ոճրագործություններ  Սումգայիթում,  իսկ հետագայում՝ Բաքվում եւ այլ քաղաքներում, որոնց մինչեւ օրս միջազգային հանրության կողմից չի տրվել համապատասխան իրավական եւ քաղաքական գնահատական:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել նաեւ «Ղարաբաղյան շարժման» ակունքներում կանգնած, նշանավոր պետական, հասարակական գործիչ Սիմյոն Բաբայանը, ով 1988թ. գլխավորել է նաեւ ԼՂԻՄ մարզային խորհուրդը:

Այս խորագրի վերջին նյութերը