Լրահոս

21.02.2013 20:47


Կպահպանվեն վարձու աշխատողների և գործարարների իրավունքները

Կպահպանվեն վարձու աշխատողների և գործարարների իրավունքները

ՀՀ կառավարությունն ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները կիրարկելու որոշում։ Սահմանվել է, որ սկսած 2013 թ. հունվարի 1-ից նպաստը գործատուն վճարում է ՀՀ պետբյուջե վճարման ենթակա եկամտային հարկի հաշվին։ Ս/թ. հունվարի 1-ից հետո վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, որպես 2012թ. ամիսների եկամուտ, հաշվառվում է նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարը։ Որոշումը, որի ընդունմամբ կապահովվի վարձու աշխատողների և գործատուների իրավունքների իրականացումը, կգործի մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի ընդունումը։

Գործադիրն իր որոշմամբ սահմանել է իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը, որով հստակեցվում է պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և ստորերկրյա կառույցների շինարարության ժամանակ ընդերքօգտագործման գործընթացը` առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, միայն սեփական կարիքների բավարարման նպատակով։
Կառավարությունն իր նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին է հատկացրել ավելի քան 24 մլն դրամ, որով նախատեսվում է մարել 2012թ. համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» համաձայն կնքված ենթավարկային պայմանագրի մայր գումարի պարտքը։
Իր նախկին որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ, որոնցով նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրի առանձին ծախսեր իրականացնել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Որոշումը նաև հնարավորություն է տալիս ՀՀ Ազգային ժողովի ընտրության ժամանակ համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն ստացած առանձին կուսակցությունների և դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով նախատեսված հատկացումների մի մասը տրամադրել այս տարվա առաջին եռամսյակում։
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների 2013թ. հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդից 500 մլն դրամը փոխանցվել է պետբյուջե` այն պետական այլ կարիքների բավարարմանը նպատակաուղղելու համար։
Գործադիրը հավանություն է տվել Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ. ծրագրին և միջոցառումների ցանկին։ Ակնկալվում է, որ այս տարի Հայաստան կայցելի մինչև 900 սփյուռքահայ երիտասարդ։ Նրանք նախ կհյուրընկալվեն ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին։

Այս խորագրի վերջին նյութերը