Լրահոս

21.02.2013 19:15


Հինգ կին, հինգ տեսանկյուն

Հինգ կին, հինգ տեսանկյուն

«Արվեստը մարզերում» շարքի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունը և  Բաց հասարակության ինստիտուտը /OSI/  կազմակերպել էր «Հինգ կին, հինգ տեսանկյուն»  խորագրով խմբակային  ցուցահանդես, որտեղ  իրենց ստեղծագործություններով  ներկայացան Էջմիածնի նկարչուհիները: Գոհար Հարությունյան, Անի Մանուկյան, Մանան Մուրադյան, Լուիզա Բասենցյան, Անուշ Հարությունյան… հինգ նկարչուհի, հինգ տարբեր ձեռագիր, տարբեր հայացք, տարբեր զգացումներ, որոնք ամփոփված էին  դիմանկարների, նատյուրմորտների, հետաքրքիր կոմպոզիցիաների ու  մանրանկարների  մեջ:

Մանան Մուրադյանի աշխատանքներում գերակշռում է  գունային գրաֆիկան: Նկարչուհու  ստեղծագործություններում   աստվածաշնչյան,   բարու և չարի  հավերժական պայքարի թեմաներն են:

Գոհար Հարությունյանի դիմանկարներում  ստեղծագործող կնոջ  իրականությունն է` առօրյա հոգսերով, ձգտումներով, թաքուն  երազանքներով.

-       Ժամանակը ամբողջովին ինձ չի պատկանում, - մեկնաբանում է Գոհար Հարությունյանը, - ես ուզում եմ արթնանալ և զգալ, որ այսօրվա օրը այնքան երկար է ու  այն ամբողջովին ինձ է պատկանում…

 Կտավին պետք է մաքուր մոտենալ, ասում է Գոհարը, այն չպետք է լեցուն լինի օրվա հոգսերով ու պրոբլեմներով, իսկ այսօր հեշտ չէ լինել  կին, ընտանիքի մայր ու նաև ստեղծագործել:

Անի Մանուկյանի  ստեղծագործություններում սիրո թեման է, որտեղ  դիտողը աչքի միջոցով  բացահայտում է սիրո էությունը: Մյուս աշխատանքներում  Անին պատկերել է տարվա եղանակները:

Երիտասարդ նկարչուհի Անուշ Հարությունյանը  ներկայացրել է նատյուրմորտներ: Ասում է, որ սիրում է աշխատել  վառ գույներով, ոգեշնչվել է Սարյանի ու Մինասի ստեղծագործություններից:

 Մարզերը մշտապես եղել են «Նարեկացի» արվեստի միության ուշադրության կենտրոնում:Նրանց հետ ամուր կապերի ու մշտական սերտ համագործակցության արդյունքումկազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ' նպատակ ունենալով մարզերի տաղանդավոր ստեղծագործողներին ներգրավել մշակութային կյանքին և ուշադրության արժանացնել:Ցուցահանդեսը  «Նարեկացի» արվեստի միությունում կշարունակվի  մինչև մարտի 3-ը:

Այս խորագրի վերջին նյութերը