Լրահոս

21.02.2013 11:16


Ալեքսանդր Քանանյան. «Թուլակամության պարագայում Րաֆֆին կզրոյացնի իր հեղինակությունը»

Ալեքսանդր Քանանյան. «Թուլակամության պարագայում Րաֆֆին կզրոյացնի իր հեղինակությունը»

1. Հայոց հանրության անհանդուրժողականությունը ներկա ապապետական վարչակարգի նկատմամբ այնքան մեծ էր, որ անգամ քաղաքական դաշտի ամբողջական ամայացումը, քաղաքական դերակատարների մեծագույն մասի հաճախորդացումը, համընդհանուր անկումային մթնոլորտը և վարչական ապօրինի լծակների անխնա կիրառումն ի զորու չեղան կանխել հանրապետության ողջ տարծքում Սերժ Սարգսյանի փաստացի խայտառակ պարտությունը:
2. Ի հեճուկս նախորդ երկու տարիների ընթացքում հանրության մի մասի տարակուսանք առաջացրած քաղաքական մարտավարության՝ նախագահական ընտրություններում քաղաքացիների կողմից Րաֆֆի Հովհաննիսյանն ընկալվել է որպես գլխավոր մրցակցային թեկնածու և ստացել ընտրողների պատկառելի մեծամսնության վստահության քվեն: Անկախ Րաֆֆի Հովհաննիսյանի անձի կամ քաղաքականության հանդեպ ունեցած բոլոր հիմնավոր վերապահումների՝ քաղաքական բոլոր շրջանակները պարտավոր են ընդունել ժողովրդի կատարած ընտրությունը:
3. Րաֆֆին պետք է գերագույն հստակությամբ գիտակցի, որ ժողովրդի մեծամասնության վստահության քվեն անձնական թուլակամության կամ ուժի արտաքին ու ներքին կենտրոնների թելադրանքով ոտնահարելու և ապապետական վարչակարգը չիշխանազրկելու պարագայում, նա զրոյացնում է իր հեղինակությունը, հասցնում է հերթական ծայրագույն հարված ապագայի հանդեպ հարյուր հազարավոր հայաստանցիների հավատին և պատճառ դառնում արտագաղթի նոր հուժկու ալիքի: 
4. Րաֆֆին պարտավոր է ամբողջովին ձերբազատվել նախորդ շրջանում իր ունեցած կամ ենթադրվող պարտավորություններից արտաքին ու ներքին ուժի կենտրոնների նկատմամբ և գիտակցել, որ միայն հայաստանակենտրոն քաղաքական ուղեգիծն ընդունակ է հաջողված դարձնելու իր անցումային փուլի կառավարումը՝ մինչև Հայաստանում Ազգային Հեղափոխության իրականացումն ու ազգային-պետական իշխանության հաստատումը:

Ազգային դաշտի գործիչների համար.

1. Րաֆֆուց ազգային պետականակերտման և արտաքին քաղաքականության ոլորտներում լուրջ ակնկալիքներ ունենալն անտեղի է: Եթե նրան հաջողվի իշխանություն դառնալ, ինչն առայժմ տարակուսելի է՝ հաշվի առնելով իր կամային որակները, նա կբախվի ծանրագույն բյուր խնդիրների և հեշտորեն կարող է ընկնել արտաքին կառավարման ծածկի տակ (թեև Սերժից ավելի կախյալ լինել պարզապես հնարավոր չէ):
2. Ներկա ապապետական վարչակարգն ի դեմս Սերժ Սարգսյանի՝ Հայոց պետթյան համար ծայրագույն չարիք է: Ազգային դաշտը ոչ մի արդարացմամբ չպետք է նվազագույն իսկ չափով նպաստի ներկա ապապետական վարչակարգի պահպանմանը:
3. Րաֆֆու տեսականորեն հնարավոր հաղթանակից հետո ազգային դաշտը պետք է մնա արմատական ընդդիմություն և շարունակի կազմակերպչական գործունեություն՝ անցումային փուլում ազգային պետականակերտման նոր սերնդի հայեցակարգ մշակելու, այն քարոզելու, օրինավորապես իշխանություն դառնալու և Ազգային Նոր Սահմանադրություն համազգային հանրաքվեով ընդունելու ուղղությամբ:
4. Ազգային դաշտը՝ բացատրական և քաղաքական բոլոր հնարավոր եղանակներով պետք է կանխի Հայոց պետության միասնության և ազգային անվտանգության դեմ բոլոր հնարավոր ոտնձգությունները և որպես քաղաքական համագործակցության նվազագույն նշաձող սահմանի «Քարվաճառյան Հռչակագրի» չորս անբեկանելի հիմնարար սկզբունքները:

Ալեքսանդր Քանանյան

Այս խորագրի վերջին նյութերը