Լրահոս

20.02.2013 18:02


Անդրիաս Ղուկասյանի ուղերձը

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը
Ամբողջությամբ  համակարծիք եմ  քաղաքացիական հասարակության այն անդամների հետ, ովքեր  համաձայն չեն միջազգային դիտորդների կողմից փետրվարի  18-ի նախագահական ընտրություններին տրված գնահատականին:  Հիացած եմ փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում  երիտասարդ քաղաքացիների համարձակ գործողություններով:
 
Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունները Հայաստանում չեն կարող բնութագրվել մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ  հարգանքի դրսևորմամբ,  որովհետև շարունակաբար ուղղորդվում  են զանգվածային ընտրակաշառքի բաժանմամբ և քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրմամբ: 
 
Ընտրությունների  միջազգային դիտարկումները  չեն ենթադրում առաքելության անդամների  համար քաղաքական, իրավական կամ բարոյական պատասխանատվություն և երաշխավորված չեն կոռուպցիոն ռիսկերից: Ուստի, կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պայքարում են մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, չհիասթափվել միջազգային դիտորդների կողմից տրված` իրականությանը չհամապատասխանող  գնահատականներից  և հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին: Ցավով արձանագրում եմ, որ միջազգային դիտորդները, ինչպես և 2008 թվականին, իրենց գնահատականներով ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար` ուժ և ճնշումներ կիրառելու  հանուն ընտրական իրավունքի պայքարող քաղաքացիների դեմ:  Սակայն վստահ եմ,  որ դա չի կարող կասեցնել քաղաքացիների պայքարը  մեր երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու գործում:
 
Անդրիաս Ղուկասյան
20 փետրվարի, 2013թ.

Այս խորագրի վերջին նյութերը