Լրահոս

20.02.2013 17:15


«Դատապարտյալների հիվանդանոց»–ում 46 ծանր և առանձնապես ծանր հիվանդ է հաշվառված

«Դատապարտյալների հիվանդանոց»–ում 46 ծանր և առանձնապես ծանր հիվանդ է հաշվառված

ՄԻՊ–ից տեղեկացնում են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի աշխատակազմի փորձագիտական աշխատանքային խմբի այցելության պահին 46 ծանր և առանձնապես ծանր հիվանդ էր հաշվառված:

Աշխատանքային խմբի անդամները արձանագրել են, որ ՔԿՀ-ում գիշերային հերթափոխը կազմակերպվում է մեկ բժշկի և մեկ բուժակի կողմից, ինչը անհնարին է դարձնում տարբեր մասնաշենքերում գտնվող բաժանմունքներում պատշաճ բուժօգնություն տրամադրել հիվանդներին:

Մեծ խնդիր է նաև քրեակատարողական հիմնարկում թափուր հաստիքները, որոնց դիմող անձիք, մի առ ժամանակ աշխատելուց հետո, հրաժարվում են աշխատանքից, քանի որ աշխատավարձը չափազանց ցածր է, իսկ աշխատանքը բավական ծանր ու վտանգավոր: Իսկ հավելավճարով վարձատրվում են միայն բժշկական անձնակազմից վտանգավոր աշխատանք կատարող բուժաշխատողները (ինֆեկցիոն և նարկոլոգիական բաժանմունքների բուժ աշխատողները 100 տոկոս դրույքաչափով ավել և տուբերկուլյոզային, հոգեբուժական, ռենտգենոլոգիական բաժանմունքների բուժ աշխատողները 50 տոկոս դրույքաչափով): Այստեղ հարկ է նշել, որ չնայած վիրաբույժը վերը նշված անձանց բուժմանը չի մասնակցում, այնուամենայնիվ, նրանց վիրահատությունները հենց ինքն է իրականացնում, սակայն այդ արտոնությունից չի օգտվում: Այդ իսկ պատճառով փորձագիտական խմբի կարծիքով ռիսկային խմբի մեջ պետք է ներառվեն նաև վիրաբույժները, ատամնաբուժական ծառայության, ինչպես նաև ծառայողական ոչ բժշկական անձնակազմը /հսկիչը և այլն/:

Ըստ վիճակագրական տվյալների հիվանդանոցում անցած տարիների համեմատությամբ ավելացել է թմրանյութերից կախվածությամբ հիվանդների թիվը: Ավելացել են նաև ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, որը ներկա պահին 21 է, տուբերկուլյոզով հիվանդների թիվը` 38:

Շենքը չունի կենտրոնացված ջեռուցում, հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, որոնք շատ տարբեր են, կախված կարգավիճակից:

Աշխատանքային խմբի հետ առանձնազրույցի ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի որոշ դատապարտյալները գանգատվել են խցերի պայմաններից` նշելով, որ իրենց հիվանդասենյակում միջատներ են վխտում և իրեն թույլ չեն տալիս, որևէ դեղ բերել, քանի որ իր սենյակակիցը ինքնասպանության փորձ է արել, խմելով այդ դեղերից, սակայն վարչակազմն էլ որևէ միջատասպան գործողություն չի նախաձեռնում: 

ՔԿՀ-ում չկա գործող գրադարան, իսկ նախկինը գտնվում էր վիրաբուժական մասնաշենքի նկուղում, որտեղ մտնելն անհնարին է:

Խնդիր էր նաև խոհանոցի հարցը, որը գտնվում էր շենքից դուրս` մեկ այլ մասնաշենքում և ձմռան ամիսների կամ վատ եղանակին դատապարտյալները` անկախ հիվանդության տեսակից, դատապարտյալները պետք է սնունդը տաքացնելու համար հասնեն խոհանոց: Դեպքեր են եղել, երբ ձմռանը դատապարտյալը սայթաքել է և կոտրել մարմնի որոշ մասեր:

ՔԿՀ-ում առկա մյուս խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու նպատակով փորձագիտական աշխատանքային խումբը ևս մեկ անգամ կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Այս խորագրի վերջին նյութերը