Աշխարհ

20.02.2013 11:53


Վահե Սարգսյան. ««Վանբայբուրդիզմի» և «գեղամյանիզմի» ազդեցությունները Վրաստանում և ՀՀ-ում»

Վահե Սարգսյան. ««Վանբայբուրդիզմի» և «գեղամյանիզմի» ազդեցությունները Վրաստանում և ՀՀ-ում»

Իսկապես՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ և դեռ կարող է ունենալ «գեղամյանիզմը» ՀՀ-ում և ի՞նչ ազդեցություն՝ «վանբայբուրդիզմը» Վրաստանում:

«Վանբայբուրդիզմի» ազդեցությունը Վրաստանում պետք է դիտարկել Ջավախքում և այլուր ապրող հայկական հիմնահարցի համատեքստում: Երկար տարիներ ի վեր «Վրաստան» թերթի խմբագիր, պատգամավոր, նախագահի խորհրդական հանդիսացած այս անձնավորության գործունեությունը՝ հատկապես վերջին տարիներին, Վրաստանում հայկական հիմնահարցի ազգային-քաղաքական բնույթը վերածեց պարզունակ սոցիալ-տնտեսականի, Ջավախքի իրավունքների համար պայքարող և հալածվող փառահեղ տղերքի պայքարը վերածեց մանր խուլիգանության կամ օտարերկրյա պրովոկացիաների, վաստակավոր ուսուցիչներին (այդ թվում՝ իմ մոր) դպրոցներից վտարումը «հիմնավորվեց» վերջիններիս քաղաքական դաշտում ակտիվ գործունեությամբ, Ջավախքում հայկական գրքի և հայերենի արգելքը որակվեց որպես վրացերենի մակարդակի բարձրացմանն ուղղված քայլ, Ջավախքում սեփական հոգին, խիղճը ծախելը դարձավ օրինաչափ, ավելին՝ պատվավոր գործ, խեղվեց բարոյականը, լավը, բարին, իսկ կեղտը, մատնությունը, անբարոյականությունը դարձան արժեքներ: Վրաստանում վերացման եզրին կանգնեց հայկական գործոնը, որի վերականգնման համար տարիների ջանքեր են պետք: Ահա թե ինչ տվեց «վանբայբուրդիզմը» Վրաստանում:

Գալով «գեղամյանիզմի» ազդեցությանը ՀՀ-ում, պետք է խոսել արժեքների մասին, որոնք հիմնված են գաղափարականության վրա: Իրականում առանց գաղափարի ոչինչ չկա, այդ թվում՝ քաղաքական գործիչ կամ պարզապես մարդ: Թյուր կարծիք կա, թե գաղափարականությունը կաշկանդում է մարդուն, չի դարձնում նրան ազատ: Ճիշտ հակառակը, գաղափարական մարդն է ազատ, միայն նրա ձայնը ոչ մեկ չի կարող գնել, բռնանալ նրա վրա, ստիպել, վախեցնել, գաղափարական մարդը երբեք չի քծնում, նա երբեք ստրկանալու ընդունակ չէ: Հակառակը՝ ոչ գաղափարական մարդուն ամեն ինչ կարող ես անել՝ գնել, վախեցնել, ստրկացնել:

Ահա այս վեհ և մարդկային արժեքային համակարգն էր, որը վաղուց սասանված էր, սակայն վերջնականորեն անհետանալու շեմին կանգնեց ՀՀ-ում՝  «գեղամյանիզմի» շնորհիվ: Քաղաքական մեծ փորձառություն ունեցող, տարիքային իմաստով մեծ այս գործչի վարքի ազդեցությունները դեռ երկար են իրենց կործանարար հետևանքներով մնալու մեր իրականության մեջ: «Գեղամյանիզմ» արժեհամակարգը Հայաստանում իրավաչափ, օրինաչափ, բարոյական դարձրեց ստրկամտությունը, ցինիզմը, քաղաքական հայացքների և քայլերի վայրկենական, պահի տակ, աթոռի բերումով շրջադարձը՝ արժեզրկելով քաղաքական գործիչ, կուսակցություն, քաղաքականություն և շատ այլ հասկացություններ: Ասվածս բոլորովին չի նշանակում, թե իշխանություններին պաշտպանողները կամ ընդդիմության ներկայացուցիչները բոլորը սխալ կամ ճիշտ են: Բոլորովին: Կարևորը՝ գաղափարական ուղուց չշեղվելն է, ուղի, որն ի սկբանե ընդունել ես, պայքարել, հալածվել, դա քո կյանքն է, քո նկարագիրը, քո ապրելու իմաստը, քո էությունը:

«Գեղամյանիզմ» արժեհամակարգից  ծնվեցին և դեռ շատ են ծնվելու երիտասարդներ, որոնք տեղեր են գրավելու պետական ինստիտուտներում՝ արգահատանք առաջացնելով հասարակության մեջ այդ հաստատությունների նկատմամբ: Ի վերջո՝ «գեղամյանիզմը» մեծ ազդեցություն ունեցավ այս օրերին 5.000 դրամ պահանջող, վախեցած, ստրկամիտ, քծնող ու շողոքորթող ընտրողների ու ընտրական գործընթացի մասնակիցների բանակի ձևավորմանը, որոնց շնորհիվ էլ ունեցանք ՀՀ-ում 2013 թ. նախագահական ընտրությունների այս պատկերը:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

20.02.13 թ.

Այս խորագրի վերջին նյութերը