Լրահոս

18.02.2013 17:01


Ընտրախախտումների հերթական շարքը

Ընտրախախտումների հերթական շարքը

Ներկայացնում ենք «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի թեժ գծով ստացված ընտրախախտումների հերթական շարքը.

16։30 – Կապան, 38/19 ԸՏ ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ժամը 11։00-12։00–ի սահմաններում նշված ընտրատեղամասի գրանցամատյանում ընտրողների թիվը նշված չի եղել։ Դիտորդի նկատառումից հետո հանձնաժողվը սկսել է գրառումներ անել ընտրողների թվի վերաբերյալ։ Նույն տեղամասում թաղային լիազորը, ներկայանալով որպես վստահված անձ, դիտորդներին, լրագրողներին ուղեկցել է ընտրատեղամաս՝ ասելով, որ խնդիրների դեպքում ինքը կօգնի։ Դիտորդը դիմել է հանձնաժողովին՝ ճշտելու նրա ով լինելը և պարզվել է, որ նա վստահված անձ չէ։

15։00 – 080 080 804 թեժ գծին ահազանգել է քաղաքացի Էջմիածին քաղաքից՝ հայտնելով, որ անձնագրի մեջ դրված ժամանակավոր կնիքը ջնջվում է։ 

14։10 – 080 080 804 թեժ գծին ահազանգել է քաղաքացի՝ հայտնելով, որ 10/09 ընտրատեղամասում իրեն թույլ չեն տալիս նույնականացման քարտով քվեարկել։ 

Թեժ գծի իրավաբանը պարզաբանել, որ հանձնաժողովի նախագահի գործողություններն օրինաչափ են։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ գրանցվելու և քվեաթերթիկ ստանալու համար հիմք է հանդիսանում անձնագիրը կամ ոստիկանության կողմից տրված՝ անձնագիրը ժամանակավոր փոխարինող փասթաթուղթը՝ 9-րդ ձևը, իսկ զինծառայողների համար զինվորական գրքույկը։

14:55 – Երևան, Ավան,1/8 ԸՏ –ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ տաքսիներով ինչ–որ մարդիկ են գալիս, որոշ ընտրողների բաժանում են անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ, ովքեր այդ փաստաթղթով մտնում են տեղամաս քվեարկության: Այդ փաստը նկարահանվել է դիտորդի կողմից:

Լրացված – Դիտորդը տեղեկացնում է, որ նշված ընտրատեղամասում մի կին հանձնաժողովի նախագահին հայտնել է, որ ընտրողների ցուցակում առկա են իր մահացած ամուսնու տվյալները՝ չնայած, որ նա ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ցուցակից ամուսնու անունը հանելու համար: Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել, փոխարենը հարցրել է այդ կնոջը, թե արդյո՞ք վերջինս համոզված է, որ իր ամուսինը մահացած է:

ՔՀԻ դիտորդներն արձանագրել են այլ խախտումներ ևս՝ կուտակումներ ընտրատեղամասում, մեկ քվեախցիկի մոտ միաժամանակ գտնվել են 3 հոգի: Դիտորդները դիմել են հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել և դիտորդներից փորձել է ճշտել, թե երբ են վերջիններս հեռանալու ընտրատեղամասից:

14։09 – Գյումրի, 34/27 – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։ 

14։10 - Երևան, Ավան, 1/08 ԸՏ ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ընտրատարածքում արդեն 20 րոպե է՝ մեծ կուտակումներ են ու քաոսային վիճակ։ Հանձնաժողովի նախագահը կանգնած ծխում է և չի վերահսկում իրավիճակը։ Խցիկի մոտ քվեարկում են երկու հոգով։

13։30 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ անձնագրի միջից ժամանակավոր կնիքը ցնդել է քվեարկելուց 2 ժամ հետո։

13։53 – Երևան, 8/05, 8/06, 8/07 ԸՏ «Իրավական շտապ օգնության» մեքենայի իրավաբանը և դիտորդը արձանագրել են, որ քաղաքացին քվեարկում է ընտրական տեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ։ 

12։38 — 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Արարատի մարզի Գետազատ գյուղում կատարվում է բաց և կրկնակի քվեարկություն։

12։15 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ դիտորդ Տիգրան Եգորյանից, որ Արտաշատի 17/2, 17/3տեղամասերում հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է դիտորդներին, իսկ 17/7-ում հայտնաբերվել են կրկնակի քվեարկության դեպքեր:

12:00 - Գյումրի, 34/30 ԸՏ - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Պատճառաբանում են, որ չեն կարող վերարկուները ծակել և ամրացնել:

13։50 - Արտաշատ, 17/01 – ՔՀԻ դիտորդն արձանագրել է մի քանի դեպք, երբ քվեախցիկում միանգամից երկու հոգի են քվեարկում։

09:00 - 10:00 - Գավառ, 22/15 ԸՏ ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ նշված ընտրատեղամասում ընտրողների մի հատվածը ընտրատեղամաս է գնում մի կնոջ ուղեկցությամբ։ Քվեարկելուց հետո նույն կնոջ ուղեկցությամբ ընտրողները մոտենում են ընտրատեղամասից 100մ հեռավորության վրա կանգնած ավտոմեքենային, որտեղ այդ կինը ինչ–որ նշումներ է կատարում, և ընտրողները հեռանում են:

13:04 - Արտաշատ, 17/1 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում միաժամանակ 2 հոգի են եղել՝ առանց սահմանված կարգով գրանցվելու: Պարզվել է դուստրն օգնում է մորը՝ քվեարկել: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին: Խնդիրը շտկվել է: 

Ինչպես նաև՝ ՔՀԻ դիտորդին «Իրավունքի Եվրոպա. ՀԿ-ի դիտորդը հաղորդել է, որ նույն ընտրատեղամասում քվեախցիկի հետևի պատին փակցված են եղել հայելիներ, որոնք խախտում են ընտրողի քվեարկության գաղտնիությունը: Միջազգային դիտորդների միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը փակել է հայելիները:

13։10 – Վանաձոր, 30/31 – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ տեղամասի առջև գտնվող տեսասկավառակների խանութից բարձր հչում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի հիմնը՝ «Դեպի ապահով Հայաստան» երգը։ Նրա միջամտությամբ ոստիկանները խախտումը վերացրել են։

13։05 – Երևան, 13/37 ԸՏ ՔՀԻ դիտորդը ականատես է եղել, թե ինչպես է ընտրողը քվեաթերթիկի հետ միասին վարորդական վկայականը գցել քվեատուփի մեջ։ Նա պահանջել է բացել քվեատուփը և հանել վարորդական վկայականը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տուփը բացելու իրավունք չունի։

12։15 – Գյումրի, 34/27 ԸՏ ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ և մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրել։

12։00 – Երևան, 4/11 ԸՏ ՔՀԻ դիտորդին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը հայտնել է, որ ընտրատեղամասի առաջին հարկում մի կին է եղել, ով ինչ–որ ցուցակով ներկա–բացակա է արել քվեարկության եկողներին։ Վստահված անձի միջամտությմաբ նրան տեղամասից հեռացրել են։

11։38 - Երևան, 13/38 ԸՏ ՔՀԻ դիտորդին Րաֆֆի  Հովհաննիսյանի վստահված անձ Ամալյա Հարությունյանը հայտնել է, որ մի քաղաքացի քվեարկել է վրացական անձնագրով և մինչ փորձել են ճշտել՝ նա ՀՀ քաղաքացիություն ունի թե ոչ, անձն արդեն քվեարկած և հեռացած է եղել։

12:20 - Գորիս, 37/29 ԸՏ ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տեղամասում ունի 2 վստահված անձ։ Նրա միջամտությամբ խախտումը վերացվել է. նախագահը դուրս է հրավիրել վստահված անձանցից մեկին։

Դիտորդի փոխանցմամբ՝ Գորիսի մի շարք տեղամասերում միայն թեկնածու Սերժ Սարգսյանն ունի վստահված անձինք։

11։47 – Ապարան, 14/22 ԸՏ ՔՀԻ դիտորդն արձանագրել է երկու հոգի մեկ քվեախցիկում, ինչն օրենքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահի միջամտությամբ խախտումը վերացվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը