Լրահոս

18.02.2013 08:13


Րաֆֆի Հովհաննիսյանն ահազանգում է ընտրախախտման մասին

Րաֆֆի Հովհաննիսյանն ահազանգում է ընտրախախտման մասին

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հետևյալ ահազանգը.

«ԱՀԱԶԱՆԳ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԲՈԼՈՐ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՈԼՈՐ ՕՐԻՆԱՊԱՇՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Մենք տեղեկացած ենք, որ Սերժ Սարգսյանի շտաբներում հասկանալով, որ անգամ ընտրակաշառքներով և այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում, որն է`

Երևանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաև տպագրված և հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար:

Մեր ունեցած տեղեկություններով անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»:

Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երևանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են երբեմն ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձիք:

Իսկ մեկ այլ բնակավայրից` Երևանի մեկ այլ ընտրատարածքում:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այս զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու և կանխելու ուղղությամբ:

Արդյունքների վերաբերյալ մենք կհայտնենք ձեզ հաջորդիվ:

Այս պահին հորդորում ենք ձեզ շտապ և ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ տարածել հետևյալ տեղեկատվությունը. բոլոր վստահված անձիք և հանձնաժողովների անդամները պետք է լրացուցիչ ցուցակներով ընտրողների մասով հատկապես ուշադիր լինեն, պահանջեն և ստուգեն նրանց անձնագրերը, որպեսզի դրանց վերջին էջում քառակուսի կնիքի հետքեր չլինեն, պահանջեն նրանցից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված և կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ», որում նշված է լինում նաև նրանց ժամանակավոր գրանցման հասցեն:

Եթե անձը չունի նման տեղեկանք` թույլ մի տվեք նրան քվեարկել:

Եթե այդպիսի տեղեկանքն առկա է` հարցրեք նրանց, թե որտեղ է գտնվում այդ հասցեն, եթե չգիտի` արձանագրեք:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԱ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ»

Այս խորագրի վերջին նյութերը